Հայաստանը ռուսական գազին այլընտրանք չունի, իսկ շուկայական գներով գազի մատակարարման դեպքում երկրում կարող է ստեղծվել բարդ իրավիճակ, «Վեստի» հեռուստաալիքի եթերում հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
«Մենք լավ գիտակցում ենք գազի շուկայում տիրող իրավիճակը։ Այնտեղ երբեք չի լինի ռուսական գազից բացի այլ գազ»,-ասել է Օվերչուկը՝ հավելելով, որ հիմնական հարցն այն է, թե որտեղից է Հայաստանը ստանալու ռուսական գազը և որ միջնորդին է վճարելու դրա համար։
ՌԴ փոխվարչապետի խոսքով՝ շուկայական պայմաններում գազի մատակարարումը Հայաստանի համար կարող է լուրջ դժվարություններ առաջացնել։
«Իրավիճակը Հայաստանում շատ դժվար կլինի։ Եվ մենք դա չենք ուզում»,-նշել է նա։
Օվերչուկը նաև ընդգծել է, որ Եվրոպան շարունակում է ստանալ ռուսական գազ և առաջարկել է ուշադրություն դարձնել գործող գազատարներին։
«Պարզապես պետք է նայել քարտեզին և ներկայումս գործող խողովակաշարերին։ Այդ դեպքում անմիջապես պարզ կդառնա, թե որտեղից են ստանալու իրենց ռուսական գազը»,-ասել է նա։
Միաժամանակ ռուս պաշտոնյան նշել է, որ գազի գնի վրա կազդեն արտահանման մաքսատուրքերը, շուկայական գնագոյացումը և միջնորդների շահույթը։
«Պետք է հաշվի առնել 30 տոկոս արտահանման մաքսատուրքը, շուկայական գինը, ինչպես նաև այն, որ միջնորդները ևս կցանկանան ստանալ իրենց բաժին շահույթը»,-ընդգծել է Օվերչուկը։