Օվերչուկը զգուշացրել է Հայաստանին գազի գնի շուրջ սպասվող «ծանր իրավիճակի» մասին

Հայաստանը փաստացի չունի ռուսական գազին այլընտրանք, «Վեստի» լրատվականին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

Նա մեկնաբանել է Երևանի կողմից Եվրամիության հետ մերձեցման և եվրոպական շուկային ինտեգրվելու փորձերը՝ նշելով, որ Հայաստանում կարող է բարդ իրավիճակ ստեղծվել գազի մատակարարումների հետ կապված, սակայն Ռուսաստանը շահագրգռված չէ իրադարձությունների նման զարգացմամբ։

«Նրանք ընդամենը պետք է նայեն քարտեզին, տեսնեն, թե ինչ խողովակաշարեր են գործում հիմա։ Անմիջապես կտեսնեն, թե ումից են ստանալու ռուսական գազը՝ հաշվի առնելով 30% արտահանման մաքսատուրքը, հաշվի առնելով, որ դա լինելու է շուկայական գին, և հաշվի առնելով, որ միջնորդներն էլ կցանկանան ստանալ եկամտի իրենց բաժինը»,- նշել է փոխվարչապետը։

Նա ընդգծել է, որ ԵՄ-ին ինտեգրվելու դեպքում, երբ Հայաստանը կորցնի ԵԱՏՄ շրջանակներում գործող արտոնությունները, կապույտ վառելիքը երկրի համար կարող է զգալիորեն թանկանալ մաքսատուրքերի, շուկայական գնագոյացման և միջնորդների ներգրավվածության պատճառով։

«Ուստի Հայաստանում իրավիճակը կլինի շատ բարդ։ Մենք դա չենք ուզում»,- հայտարարել է Օվերչուկը։

Օվերչուկի հայտարարությունը հնչում է վերջին շաբաթներին Մոսկվայի և Երևանի միջև գազի գնի շուրջ հեռակա քննարկումների ֆոնին։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մայիսի 28-ին հայտնել էր, որ Մոսկվան գրավոր զգուշացրել է Երևանին՝ Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու դեպքում գազի, նավթամթերքի և ալմաստի վերաբերյալ համաձայնագրերի խզման ռիսկերի մասին։

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը հայտարարել էր, որ Երևանն ի գիտություն է ընդունել Մոսկվայի նամակը՝ գազի մատակարարման պայմանավորվածությունների հնարավոր վերանայման վերաբերյալ։ Նրա խոսքով՝ Հայաստանը մշտական կապի մեջ է ռուս գործընկերների հետ, իսկ աշխատանքային հարաբերությունները մնում են բնականոն հունի մեջ։

Ռուսական գազի, նավթամթերքի և չմշակված ալմաստի անմաքս մատակարարման մասին համաձայնագիրը ստորագրվել է 2013 թվականին և վավերացվել 2014-ին։ Այն տարածվում է միայն ներքին սպառման ծավալների վրա և արգելում վերաարտահանումը։

Leave a Comment