Ազատության հրապարակում ամփոփիչ հանրահավաք է անցկացրել «Հայաստան» դաշինքը

Այսօր Ազատության հրապարակում ամփոփիչ հանրահավաք է անցկացրել «Հայաստան» դաշինքը։ Հանրահավաքի ընթացքում ելույթ են ունեցել ՀՅԴ անդամ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Իշխան Սաղաթելյանը և Արծվիկ Մինասյանը։

Հավաքի ավարտին ելույթ է ունեցել «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը։

Նա հայտարարել է, որ ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարների՝ Հայաստանին ուղղված հայտարարությունը փաստացի պահանջ է՝ հստակեցնել երկրի արտաքին քաղաքական կողմնորոշումը։

Նրա խոսքով՝ Հայաստանի տնտեսությունը մեծապես կապված է ԵԱՏՄ շուկայի հետ, և գործող իշխանության վերընտրվելու դեպքում երկիրը կարող է բախվել տնտեսական լուրջ խնդիրների։

Քոչարյանը նշել է, որ Հայաստանը պետք է պահպանի դաշնակցային հարաբերությունները Ռուսաստանի հետ՝ միաժամանակ զարգացնելով կապերը Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ։

«Մեզ պետք է և-և, ոչ թե «կամ-կամ»»,- ասել է նա։

Հանրահավաքից հետո դաշինքի աջակիցները Երևանի կենտրոնում անցկացրել են իրազեկման երթ։

Leave a Comment