2026 թվականի ամառային զորակոչի ընթացքում մի շարք քաղաքացիների կտրվի տարկետում

Iravaban.net-ը ուսումնասիրել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման e-draft.am հարթակում հանրային քննարկման ներկայացված՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից մշակված «Մշակույթի և արվեստի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող մի շարք քաղաքացիների՝ 2026 թվականի ամառային զորակոչից տարկետում տալու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որով նախատեսվում է մի շարք քաղաքացիների տրամադրել տարկետում։

Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Մշակույթի և արվեստի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող մի շարք քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2026 թվականի ամառային զորակոչից տարկետում տալու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է մշակույթի և արվեստի բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին  հնարավորություն ընձեռելու կատարելագործելու մասնագիտական հմտությունները, ինչպես նաև հանրահռչակելու հայկական կատարողական արվեստը միջազգային հարթակներում:

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 457-Ն որոշման հավելվածով հաստատված մշակույթի և արվեստի բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու կարգի և պայմանների (այսուհետ՝ կարգ) համաձայն քաղաքացուն օրենքով սահմանված պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրվում է ՀՀ կառավարության որոշմամբ՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով ստեղծված հանձնաժողովի՝ կարգի համաձայն կայացրած եզրակացությունը հաշվի առնելով:

Պարտադիր զինվորական ծառայության զորակոչից կարող են տարկետում ստանալ կարգով սահմանված մշակույթի և արվեստի բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիները:

Կարգի 6-րդ կետի համաձայն՝ մշակույթի և արվեստի բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող են համարվում՝

1) կատարողական արվեստի բնագավառի մրցութային կարգով անցկացվող միջազգային հեղինակավոր՝ առնվազն մեկ նախագծի (մրցույթներ, մրցանակաբաշխություններ, փառատոներ, ցուցահանդեսներ) հաղթող կամ մրցանակակիր դարձած ու մշակույթի և արվեստի բնագավառներում օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչում ստացած քաղաքացիները.

2) կատարողական արվեստի բնագավառի մրցութային կարգով անցկացվող միջազգային հեղինակավոր՝ առնվազն երկու նախագծերի (մրցույթներ, մրցանակաբաշխություններ, փառատոներ, ցուցահանդեսներ) հաղթողներ կամ մրցանակակիրներ դարձած քաղաքացիները.

3) միջազգային հեղինակավոր հարթակներում (բեմերում) և խոշոր միջոցառումներում (փառատոներ, համերգներ, ցուցահանդեսներ) պարբերաբար հանդես եկող քաղաքացիները:

Կարգի 6-րդ կետում նախատեսված պայմանները բավարարող քաղաքացուն Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ տարկետում տրվում է երկու տարի ժամկետով, սակայն ոչ ավելի, քան մինչև քաղաքացու 26 տարին լրանալու օրը:

ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 457-Ն որոշմամբ հաստատված կարգի 4-րդ կետի համաձայն՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում սույն թվականի մայիսի 13-ին տեղի է ունեցել մշակույթի և արվեստի բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու վերաբերյալ եզրակացություն տվող հանձնաժողովի նիստ, որի շրջանակներում հանձնաժողովը, հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 457-Ն որոշմամբ հաստատված կարգի      6-րդ կետի պահանջները, կայացրել է դրական եզրակացություն քաղաքացիներ Էդուարդ Սուրենի Խորոզյանին, Էդուարդ Գևորգի Գևորգյանին, Ռուբեն Արայի Ավագյանին, Ալեքսանդր Արտյոմի Խաչատրյանին, Դանիել Ստեփանի Ավետիսյանին, Էդուարդ Մհերի Հրմուշյանին, Նարեկ Տիգրանի Հեքեքյանին, Մարտին Աշոտի Արշակյանին, Սարգիս Արտակի Նազարեթյանին, Միշա Արմանի Սահակյանին, Տիգրան Ալեքսանի Հարությունյանին, Էդգար Գրիգորի Մխիթարյանին և Լևոն Խաչատուրի Գևորգյանին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու վերաբերյալ:

Ի՞նչ արդյունք է ակնկալվում

«Մշակույթի և արվեստի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող մի շարք քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2026 թվականի ամառային զորակոչից տարկետում տալու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունմամբ մշակույթի և արվեստի բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին հնարավորություն կտրվի կատարելագործելու մասնագիտական հմտությունները, ինչպես նաև հանրահռչակելու հայկական կատարողական արվեստը միջազգային հարթակներում:

Բյուջետային ազդեցությունը

«Մշակույթի և արվեստի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող մի շարք քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2026 թվականի ամառային զորակոչից տարկետում տալու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջանում և պետական բյուջեի ծախսերում ավելացում չի նախատեսվում:

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

 «Մշակույթի և արվեստի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող մի շարք քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2026 թվականի ամառային զորակոչից տարկետում տալու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը բխում է ՀՀ կառավարության 2023 թվականի նոյեմբերի 9-ի «ՀՀ մշակույթի պահպանությանզարգացման և հանրահռչակման 2023-2027 թվականների ռազմավարությունը և դրա կատարումն ապահովող գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» N 1951-Լ որոշմամբ հաստատված N 2 հավելվածի «Մասնավոր նպատակ «2.2՝ Մշակութային և ստեղծարար ոլորտներում ինքնազբաղ ստեղծագործողների գործունեության խթանում», «Գործողություն 3՝ երիտասարդ ստեղծագործողների ինտեգրում միջազգային մշակութային գործողություններին» և «Մասնավոր նպատակ «3.3՝ Մշակութային և կրթական քաղաքականությունների ներդաշնակեցում» ռազմավարական փաստաթղթի պահանջներից:

Leave a Comment