OpenAI-ի ChatGPT Edu գործիքը հասանելի կդառնա Հայաստանի կրթական համայնքին

Արհեստական բանականության գործիքները շուտով լայնորեն կկիրառվեն Հայաստանի կրթական համակարգում։ ԿԳՄՍ նախարարությունը, OpenAI-ն ու Firebird-ը համատեղ ծրագրով նախատեսում են ChatGPT Edu և Codex հարթակները հասանելի դարձնել դպրոցներին և բուհերին՝ ստեղծելով տեխնոլոգիական նոր հնարավորություններ ուսուցիչների, դասախոսների, ուսանողների և աշակերտների համար։ Նախաձեռնության առաջին փուլում կտրամադրվի 50 հազար կրթական բաժանորդագրություն, հետագայում ծրագիրը կընդլայնվի։ Կրթական գերատեսչության և գործընկեր կառույցների համոզմամբ՝ այս քայլը կարող է նպաստել Հայաստանում արհեստական բանականության կիրառման մշակույթի զարգացմանն ու ժամանակակից կրթական միջավայրի ձևավորմանը։

ԿԳՄՍ նախարարությունը, OpenAI-ն ու Firebird-ը նախատեսում են Հայաստանի դպրոցների և բուհերի համար հասանելի դարձնել ChatGPT Edu և Codex հարթակները։

Ծրագրի առաջին փուլում կտրամադրվի 50 հազար կրթական բաժանորդագրություն՝ հետագայում դրանց թիվն ավելացնելու նպատակադրմամբ։ Նախաձեռնության հեղինակները բացատրում են՝ ChatGPT Edu-ն նախատեսված է կրթական հաստատությունների համար և հնարավորություն է տալիս օգտագործել արհեստական բանականության առաջադեմ գործիքներ՝ ապահովելով տվյալների պաշտպանություն և անվտանգություն։ Բարձրագույն կրթության համակարգում այն հասանելի կլինի ուսանողներին և դասախոսներին, իսկ դպրոցներում՝ ուսուցիչներին և ավագ դասարանների աշակերտներին։

Հայաստանն իր ապագան կապում է տեխնոլոգիական զարգացման և ժամանակակից կրթական համակարգի հետ՝ ասում է ԿԳՄՍ նախարարը։ Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ կարևոր է արհեստական բանականության գործիքների հասանելիության ընդլայնումը, որը նոր հնարավորություններ կստեղծի կրթական համայնքի  համար։

«Սա նշանակում է, որ մեր կրթական հաստատությունները կունենան հնարավորություն օգտագործելու առաջադեմ արհեստական բանականության գործիքները, որոնք ապահովում են տվյալների պաշտպանության, տեղեկատվածական անվտնագության և կառավարման բարձր չափանիշներ։ Այս հարթակը դասախոսներին և ուսուցիչներին հնարավորություն կտա արդյունավետ կիրառել իրենց ժամանակը»։

ԿԳՄՍ նախարարն ընդգծում է՝ արհեստական բանականության կիրառմամբ ուսուցման միջավայրերի ստեղծումը Հայաստանի կրթական համակարգի զարգացման հիմնական ուղղություններից է։ Ժաննա Անդրեասյանը վստահ է՝ ChatGPT Edu հարթակի ներդրումը կնպաստի նոր սերնդի մասնագետների պատրաստմանը, որոնք ոչ միայն կկիրառեն տեխնոլոգիաները, այլև կզարգացնեն դրանք։

«Մեր սովորողները չեն կարողանալու իրենց տնային աշխատանքներն անել արհեստական բանականության միջոցով։ Դա չի այս գործիքակազմի նպատակը։ Այս գործիքի նպատակն է մեր աշխատկերտներին և ուսանողներին սովորեցնել իրենց ժամանակը ծախսել ճիշտ հմտությունների ձևավորման վրա։ Մենք պետք է հասկանանք, որ տեխնոլոգիաները մեզ այդ հնարավորություններն ընձեռում են»։

ChatGPT Edu -ի ներդրումը նպատակ ունի էապես բարձրացնել ԱԲ կրթության որակը՝ ասում է OpenAI-ի «Education for Countries» նախաձեռնության ղեկավարը։ Ջեյնա Դևանիի խոսքով՝ դասավանդողների համար այն կդառնա աջակցող թվային գործիք, որը հնարավորություն կտա դասերի պլանավորումը, բովանդակության մշակումը և ուսուցման կազմակերպումը իրականացնել առավել ժամանակակից, հարմարեցված և նորարարական մեթոդներով։ Մեջբերում․

 «Կրթությունն այն կարևորագույն ուղղություններից է, որի միջոցով արհեստական բանականությունը կարող է ընդլայնել հնարավորությունները։ Այս ամենով մենք նպաստում ենք, որպեսզի ChatGPT Edu-ն հասանելի դառնա երկրի ուսանողներին, մանկավարժներին և հետազոտողներին՝ ապահովելով անվտանգ, ստեղծարար և արդյունավետ կերպով կիրառվող առաջադեմ ԱԲ գործիքների հասանելիություն։ Հայաստանը ունի հզոր մարդկային ներուժ և զարգացող թվային ենթակառուցվածք, և այս նախաձեռնությունը կարող է նպաստել ԱԲ գրագիտությամբ օժտված նորարարների հաջորդ սերնդի ձևավորմանը»։

Նախաձեռնության մեկնարկային փուլում՝ 2026-2027 ուսումնական տարում, ChatGPT Edu-ի հասանելիությունը կապահովվի «Firebird»–ի ֆինանսավորմամբ։ Ընկերության համահիմնադիր Ալեքսանդր Եսայանի խոսքով՝ ծրագրի արդյունավետության և կրթական արդյունքների վրա ազդեցության գնահատումից հետո՝ կդիտարկվի ծրագրի պետական ֆինանսավորման հնարավորությունը՝ համակարգն ընդգրկելով ազգային կրթական համակարգում որպես կայուն և մասշտաբային բաղադրիչ։

««Firebird» ընկերությունը՝ լինելով տարածաշրջանում ԱԲ համակարգեր ստողծող առաջատար ընկերություն, մենք կարևորում ենք հենց կրթական ծրագրերը և մեր բացման օրվանից հայտարարել ենք, որ «Firebird»-ը միշտ լինելու է աջակից ցանկացած կրթական ծրագրի համար, քանի որ մենք նույնպես գտնում ենք, որ կրթությունն ամենակարևոր ներդրումներից մեկն է, որ պետք է անել ՀՀ-ում և դրանով շատ ուրախ ենք ու հպարտ ենք»։

Միաժամանակ, նախաձեռնության հաջող իրականացման համար հեղինակներն  առանցքային նշանակություն են տալիս էթիկայի նորմերի պահպանմանն ու տվյալների պատասխանատու օգտագործմանը։ Այս համատեքստում հատուկ ուշադրություն կդարձվի թվային գրագիտության բարձրացմանը, ԱԲ գործիքների ճիշտ կիրառման մշակույթի ձևավորմանը և կրթական միջավայրում թվային անվտանգությանը։

Leave a Comment