Հանրակրթական դպրոցների մանկավարժներին և դպրոցահասակ երեխաներին տրանսպորտային ծախսերի փոխհատուցման միջոցառման շրջանակում ազգային փոքրամասնությունների լեզուները որպես օտար լեզու դասավանդող ուսուցիչները հանդիսանում են ծրագրի շահառու և ստանում են համապատասխան փոխհատուցում։ Միևնույն ժամանակ, ազգային փոքրամասնությունների լեզուների ուսուցումը խմբակի ձևաչափով կազմակերպելու դեպքում խմբակավարները գործող կարգավորմամբ չեն համարվում շահառու և չեն օգտվում տրանսպորտային ծախսերի փոխհատուցման հնարավորությունից։
Վերոգրյալի արդյունքում գործնականում դժվարանում է ազգային փոքրամասնությունների լեզուների ուսուցման ապահովումը, հատկապես այն բնակավայրերում, որտեղ համապատասխան մասնագետների առկայությունը սահմանափակ է։ Մասնագետների սակավությունը և նրանց տարածքային անհավասար բաշխվածությունը լրացուցիչ խոչընդոտներ են ստեղծում կրթության իրավունքի լիարժեք իրացման, ինչպես նաև ազգային փոքրամասնությունների լեզուների պահպանման և զարգացման համար։ Հաճախ համապատասխան մասնագետները ստիպված են աշխատել միաժամանակ տարբեր բնակավայրերում՝ հաղթահարելով զգալի հեռավորություններ, ինչը լրացուցիչ ֆինանսական բեռ է առաջացնում և նվազեցնում նման գործունեության արդյունավետությունն ու շարունակականությունը։
Նախագծի նպատակը ազգային փոքրամասնությունների լեզուների ուսուցման հասանելիության ապահովումն է, ինչպես նաև համապատասխան խմբակավարների համար տրանսպորտային ծախսերի փոխհատուցման միջոցով հավասար պայմանների ստեղծումը՝ անկախ ուսուցման կազմակերպման ձևից։
2. Ընթացիկ իրավիճակի վերլուծություն և առկա խնդիրները, կարգավորման առարկան
ՀՀ կառավարության 2025 թվականի օգոստոսի 28-ի N 1242-Ն որոշմամբ սահմանվել է հանրակրթական դպրոցների մանկավարժների և դպրոցահասակ երեխաների տրանսպորտային ծախսերի փոխհատուցման կարգը։ Գործող կարգավորմամբ ազգային փոքրամասնությունների լեզուները որպես օտար լեզու դասավանդող ուսուցիչները ներառված են շահառուների շրջանակում, սակայն նույն լեզուների ուսուցումը խմբակային ձևաչափով իրականացնող խմբակավարները չեն ընդգրկվում փոխհատուցում ստացող անձանց ցանկում։
Գործնականում բազմաթիվ դեպքերում ազգային փոքրամասնությունների լեզուների ուսուցումն իրականացվում է հենց խմբակների միջոցով՝ պայմանավորված համապատասխան մասնագետների սահմանափակ թվով և առանձին դպրոցներում սովորողների ոչ մեծ քանակով։ Այդ պայմաններում խմբակավարների կողմից մի քանի բնակավայրերում կամ դպրոցներում գործունեություն ծավալելը դառնում է անհրաժեշտություն։ Սակայն տրանսպորտային ծախսերի փոխհատուցման բացակայությունը նվազեցնում է մասնագետների ներգրավվածության հնարավորությունը և վտանգում ծրագրերի շարունակական իրականացումը։
Նախագծով առաջարկվում է լրացում կատարել ՀՀ կառավարության 2025 թվականի օգոստոսի 28-ի N 1242-Ն որոշման մեջ՝ նախատեսելով, որ ազգային փոքրամասնությունների լեզուների ուսուցումն իրականացնող խմբակավարները ևս հանդիսանան տրանսպորտային ծախսերի փոխհատուցման ծրագրի շահառու։
3. Միջոցառման իրականացումից ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է՝
ապահովել ազգային փոքրամասնությունների լեզուների ուսուցման առավել հասանելի և շարունակական կազմակերպումը,
խթանել համապատասխան մասնագետների ներգրավվածությունը տարբեր բնակավայրերում,
ստեղծել հավասար պայմաններ ազգային փոքրամասնությունների լեզուների ուսուցումն իրականացնող ուսուցիչների և խմբակավարների համար,
նպաստել ազգային փոքրամասնությունների լեզուների պահպանմանն ու զարգացմանը,
բարձրացնել կրթության մատչելիությունն ու ներառականությունը։
4. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
Միջոցառման անհրաժեշտությունը բխում է «2050 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԵՐԱՓՈԽՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ» ծրագրի «ՄԻՆՉԵՎ 2030 ԹՎԱԿԱՆԻ ՄԵԳԱՆՊԱՏԱԿՆԵՐԻ» ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ «1․ ԿԻՐԹ ԵՎ ԿԱՐՈՂՈՒՆԱԿ ՔԱՂԱՔԱՑԻ, ԺՈՂՈՎՈՒՐԴ» համար 1 մեգանպատակի՝ «Գիտելիքի, մշակույթի, գիտակցության, հմտությունների համատարած, ներառական, նորարարական և հանրամատչելի զարգացման և յուրացման միջոցով ունենանք քաղաքակիրթ, ստեղծագործ, նախաձեռնող, կարողունակ ու մրցունակ քաղաքացի, ում համար իրավունքների իրացումը նույնքան կարևոր է, որքան պարտականությունների ու պարտավորությունների կատարումը, ով առաջին հերթին իրեն է համարում սեփական բարեկեցության և առողջության պատասխանատուն» թիրախային արդյունքի ցուցանիշի ապահովման պահանջից։
Միջոցառման անհրաժեշտությունը բխում է նաև ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի 1902-Լ որոշմամբ հաստատված՝ ՀՀ կառավարության 2021-2026 թվականների Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բաժնի 6-րդ կետով սահմանված՝ «6. Համընդհանուր հասանելի և մատչելի սովորողակենտրոն հանրակրթական միջավայրի ստեղծում» միջոցառման իրականացման անհրաժեշտությունից։
Միջոցառման անհրաժեշտությունը հիմնավորվում է նաև ՀՀ կառավարության 08.01.2026թ. «Հայաստանի տնտեսական և ինստիտուցիոնալ վերափոխման դոկտրինը հաստատելու մասին» N 16-Լ որոշմամբ հաստատված Դոկտրինի 36-րդ կետի 1-ին ենթակետի պահանջով, այն է՝ «1) Կրթությունը՝ որպես «ռազմավարությունների ռազմավարություն»… պետականության հարատևության օրակարգի հաջողությունը»։
5. Իրավական ակտի մշակման գործընթացում ներգրավված մարմիններ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
6. ՀՀ պետական բյուջեում ավելացվող ծախսերի մասին
Նախագծի ընդունումը ենթադրում է ՀՀ պետական բյուջեի ծախսերի ավելացում։ Մասնավորապես՝ 2026-2027 ուսումնական տարվա առաջին կիսամյակի և 2027 թվականի համար լրացուցիչ ծախսերը կկազմեն համապատասխանաբար 271.5 հազար դրամ և 615.4 հազար դրամ (հաշվարկը կցվում է)։