«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը հայտարարել է իր թիմի կողմից մարզերում մշակութային կյանքի զարգացման համապարփակ ծրագրի նախա պատրաստման մասին։ Այս մասին նա ասել է մշակույթի ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։
Կարապետյանի խոսքով՝ մարզերում և գյուղական բնակավայրերում մշակութային ենթակառուցվածքների բացակայությունը բացասաբար է անդրադառնում բնակչության զարգացվածության մակարդակի վրա, քանի որ շատ բնակիչներ զրկված են Երևանի թատրոններ, կինոթատրոններ և մշակութային այլ հաստատություններ պարբերաբար այցելելու հնարավորությունից։
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է մարզկենտրոններում կառուցել բազմաֆունկցիոնալ համալիրներ, որոնք կմիավորեն ժամանակակից ֆիթնես սրահներ, կինոթատրոններ և մշակութային զարգացման հարթակներ։
Կարապետյանը նշել է, որ նմանատիպ մոդել արդեն իսկ գործում է Տաշիրում, որտեղ տարբեր խմբակներում ու սեկցիաներում բազմաթիվ երեխաներ են զբաղվում։ Նրա խոսքով՝ այժմ խնդիր է դրված այդ փորձն ավելի լայն մասշտաբով տարածել ամբողջ հանրապետությունում։
Կուսակցության առաջնորդը վստահեցրել է, որ ծրագրի իրականացման համար առկա են անհրաժեշտ հնարավորություններն ու ռեսուրսները, իսկ առաջին արդյունքները տեսանելի կլինեն սեղմ վերջնաժամկետներում։ Միևնույն ժամանակ նա ընդգծել է նախաձեռնության կյանքի կոչման գործում մշակույթի գործիչների և արտիստների ակտիվ մասնակցության կարևորությունը։
