Օսիպյանը Փաշինյանից պահանջել է ներողություն խնդրել իրենից և արցախցիներից

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ վիճաբանությունից հետո կալանավորված արցախցի քաղաքական գործիչ Արթուր Օսիպյանը վարչապետից պահանջել է ներողություն խնդրել իրենից և այն արցախցիներից, որոնք, նրա խոսքով, չեն խուսափել պատերազմից և ստիպված են լքել Արցախը։ Օսիպյանը հայտարարությունը հրապարակել են նրա փաստաբանները։

Հացադուլի 11-րդ օրը հրապարակված հայտարարությունում Օսիպյանը նշել է, որ Փաշինյանը, չկարողանալով պատասխանել իր հարցերին, հրապարակայնորեն վիրավորել է իրեն՝ անվանելով «փախած», ապա այդ բնորոշումը տարածել նաև արցախցիների վրա։

«Պահանջում եմ, որ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջով հրապարակային ներողություն խնդրի անձամբ ինձնից և բոլոր այն արցախցիներից, ովքեր չեն խուսափել պատերազմից, Արցախի համար իրենց ընտանիքները դարձրել են վահան՝ պաշտպանելով մեր հայրենիքը»,- նշել է Օսիպյանը։

Նա ընդգծել է, որ արցախցիները տասը ամիս շրջափակման պայմաններում են ապրել, ենթարկվել Ադրբեջանի ռազմական գործողություններին և, իր խոսքով, ստիպված լքել են Արցախը՝ երեխաների կյանքը փրկելու համար։

«Ի՞նչ «փախածների» մասին է խոսում Փաշինյանը։ Ինչո՞ւ է նման արհամարհանք սեփական ժողովրդի նկատմամբ։ Սա աններելի է։ Կոչ եմ անում բոլոր արդար քաղաքական ուժերին և անհատներին ցուցաբերել օբյեկտիվ մոտեցում և պահել հարցը օրակարգում»,- եզրափակել է նա։

Օսիպյանն Արաբկիրում Փաշինյանին մեղադրել էր «ղարաբաղյան կլանին միլիարդներով սնելու մեջ»։ Քաղաքական գործիչը նաև պնդել էր, թե Փաշինյանը տեղյակ էր Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի (որն այժմ գտնվում է Բաքվի բանտում-խմբ․) կողմից բաժանվող ընտրակաշառքների մասին, սակայն, չնայած դրան, աջակցել էր նրան։

Միջադեպի ընթացքում վարչապետը դիմել էր Օսիպյանին՝ հետևյալ խոսքերով. «Գնայիր, զոհվեիր, դու խի՞ ես կենդանի, ռադդ քաշի, համբալի մեկը»։ Հայաստանի ղեկավարը նաև հավելել էր. «Ծպտուններդ դուրս չգա, վե՛ր ընկեք տեղներդ, թալանչի՛ անասուններ»։ Օսիպյանին նույն օրը ձերբակալել էին, կալանավորել մայիսի 21-ին, որից հետո նա հացադուլ էր հայտարարել։

Leave a Comment