Reuters-ը գրում է, որ Թբիլիսիի մռայլ ու կիսամութ մառանում տարիներով կախված մնացած սարդոստայններն ու հնամաշ փայտե դարակները մինչ օրս պահպանել են մի պատմություն, որը երկար ժամանակ փակ է եղել աշխարհի առաջ։
Մառանում օդում տարածված մուշկային ու քաղցրահամ բույրի ներքո պահվել են աշխարհի ամենահետաքրքիր գինու հավաքածուներից մեկը՝ երբևէ պատկանած Խորհրդային Միության առաջնորդ Իոսիֆ Ստալինին։
Վրաստանի իշխանությունները այս շաբաթ առաջին անգամ բացել են այդ գինու պահոցը, որտեղ պահպանվում է շուրջ 40 հազար շիշ եզակի ֆրանսիական և վրացական գինի։ Հավաքածուում կան նմուշներ, որոնք թվագրվում են դեռևս 19-րդ դարի սկզբով։
Ստալինը, ով ծնվել է Վրաստանում և ղեկավարել Խորհրդային Միությունը 1924-ից մինչև 1953 թվականը, հայտնի է որպես գինու մեծ սիրահար ու հավաքորդ։ Նրա հավաքածուում ընդգրկված են Բորդոյի ամենահայտնի գինեգործարանների արտադրանքները, որոնք ժամանակին պատկանել են Ռուսաստանի կայսր Ալեքսանդր Երրորդին և Նիկոլայ Երկրորդին։
Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո Ռոմանովների կայսերական հավաքածուն անցել էր խորհրդային իշխանությունների վերահսկողության տակ, իսկ տարիների ընթացքում Ստալինը այն համալրել էր իր նախընտրած վրացական գինիներով։
Այժմ Վրաստանը պատրաստվում է հավաքածուի մի մասը հանել աճուրդի։ Նախաձեռնության հեղինակները վստահ են, որ դա ոչ միայն կգրավի աշխարհի կոլեկցիոներների ուշադրությունը, այլև նորից կհաստատի Վրաստանի տեղը համաշխարհային գինեգործության քարտեզի վրա։ Ստացված միջոցներով նախատեսվում է երկրում ստեղծել գինու կրթական դպրոց։
Մառանը բացմանւ օրը այնտեղ են եղել նաև արտասահմանցի կոլեկցիոներներ։ Տեխասից ժամանած Վիկտոր Չենը, նայելով փոշով պատված շշերին ու դրանց մեջ պահպանված սաթագույն հեղուկին, խոստովանել է, որ իրեն զգացել է ինչպես «Ինդիանա Ջոնսը՝ գաղտնի քարանձավ բացելիս»։ Նրա խոսքով՝ աշխարհում քիչ են մնացել պահեր, որոնք իսկապես կարելի է պատմական անվանել, և այս մառանի բացումը հենց դրանցից մեկն է։
