Աստանայում ԵԱՏՄ երկրների ղեկավարների նեղ կազմով հանդիպումը տևել է մոտ 2 ժամ, այնուհետև տեղի է ունեցել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստը։ Հայաստանի համար ԵԱՏՄ առաջնորդների հանդիպումը կարևոր էր հատկապես այն առումով, որ նախապես հայտարարվել էր, որ գագաթնաժողովում քննարկվելու է նաև Հայաստանի հետագա անդամակցության հարցը։ Գագաթնաժողովից հետո լրագրողներին տեղեկացվել է, որ հայտարարություն է փոխանցվել Հայաստանի փոխվարչապետին, սակայն ինչ բովանդակությամբ՝ դեռ պարզ չէ։
ԵԱՏՄ նիստում Հայաստանի վերաբերյալ հայտարարություն է ընդունվել և փոխանցվել Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին՝ նիստից հետո լրագրողներին ասել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ Նա հայտնել է, որ ՌԴ նախագահ Պուտինն ու Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը առանձին հանդիպում չեն ունեցել․
«Այո՛, քննարկվել է Հայաստանի հարցը։ Պուտինը, Տոկաևը, Լուկաշենկոն և Ժապարովը քննարկել են Հայաստանի՝ ԵՄ-ին միանալու ծրագրերի շուրջ ստեղծված իրավիճակը»։
ԵԱՏՄ անդամ երկրների գագաթնաժողովում Հայաստանի պատվիրակությունը գլխավորում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Վարչապետ Փաշինյանն ավելի վաղ տեղեկացրել էր ՌԴ նախագահ Պուտինին և Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին, որ չի կարողանալու մասնակցել գագաթնաժողովին՝ Հայաստանում հունիսի 7-ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի պատճառով։
Եվրաինտեգրման ճանապարհին Երևանը ստիպված կլինի ընտրություն կատարելու․ եվրաինտեգրման ճանապարհով գնալը Հայաստանի սուվերեն իրավունքն է, սակայն Երևանը չի կարող և չպետք է դա անի ԵԱՏՄ երկրների ֆինանսների հաշվին, Աստանայում ԵԱՏՄ գագաթնաժողովից հետո լրագրողներին ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը․
«Փաստը մնում է փաստ՝ Հայաստանը վաղ թե ուշ կհայտնվի մի իրավիճակում, երբ ստիպված կլինի կողմնորոշվելու իր ընտրած եվրոինտեգրման ճանապարհին, քանի որ իր ընդունած նորմերը կհակասեն ԵԱՏՄ նորմերին ու կանոններին»։
Իսկ մինչև ԵԱՏՄ գագաթնաժողովը նա լրագրողներին ասել էր, որ Ռուսաստանի և Բելառուսի նախագահները որոշ մտքեր են փոխանակել Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ․
«Հայաստանի թեմայով տեղի է ունեցել կարծիքների կարճ փոխանակում, սակայն բովանդակային քննարկում չի եղել, քանի որ պարզապես ժամանակ չի եղել»։
Մինչև ԵԱՏՄ գագաթնաժողովը ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևն էլ «Վեստի»–ի հետ զրույցում ասել էր, որ Հայաստանի հարցը Աստանայում կքննարկվի բարեկամական մթնոլորտում, սակայն Երևանը պետք է կողմնորոշվի․
«Սկզբունքային հարց է դրված․ կա՛մ ընտրում եք ԵԱՏՄ-ն, կա՛մ ԵՄ-ն։ ԵՄ գնալը չափազանց երկար պատմություն է, շատ երկրներ ցանկանում են անդամակցել ԵՄ–ին և տարիներով սպասում են։ Իսկ ԵԱՏՄ-ն իրականություն է, որից հիմա երես թեքել հնարավոր չէ»։
Մայիսի սկզբին Երևանում տեղի ունեցած ՀՀ-ԵՄ առաջին գագաթնաժողովից հետո Մոսկվայից անհանգիստ հայտարարություններ հնչեցին։ Ռուսաստանը Հայաստանին հորդորեց արագ կողմնորոշվել և ընտրություն կատարել ԵԱՏՄ-ի ու ԵՄ անդամակցության միջև։
ԵԱՏՄ ընդլայնված կազմով նիստի ժամանակ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն վճռական քայլերի անհրաժեշտության մասին է խոսել և հորդորել է արագ գործել։ Նա առաջարկել է բարձր որակավորում ունեցող մասնագետներից բաղկացած մարմին ստեղծել և միջոցներ ձեռնարկել մոտ ապագայում ԵԱՏՄ գրավչությունը մեծացնելու համար․
«Վստահեք իմ փորձառությանը, պետք է արագ գործել և արդյունավետ դարձնել մեր միությունը, հասկանալ, թե ինչ խանգարող հանգամանքներ կան։ Ինչ-որ մեկը պետք է իր հետաքրքրությունները զիջի։ Բոլորը պետք է զիջեն, մեկը՝ շատ, մյուսը՝ քիչ, որպեսզի անդամակցել ցանկացող և այսօր անդամակցող երկրները հասկանան, թե ինչ են ստանալու անդամակցությամբ։ ԵԱՏՄ բոլոր անդամները պետք է հասկանան, թե ինչ են ստանում, որպեսզի ոչ թե մտածեն, թե մի այլ տեղում ավելի լավ կլինի, քան մեզ մոտ։ Այդ ուղղությամբ մենք շատ անելիք ունենք»։
Եվրասիական սերտ ինտեգրացիան օգուտ է բերում ԵԱՏՄ յուրաքանչյուր մասնակցի, ավելացրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Նա նշել է, որ տքնաջան աշխատանքի շնորհիվ ստեղծվել է արդյունավետ ինտեգրացիոն միավորում․
«Հաշվի առնելով ստեղծված իրավիճակի առանձնահատկությունները, հատկապես ընդգծեմ, որ եվրասիական սերտ ինտեգրումը իրական օգուտներ է բերում ԵԱՏՄ անդամ պետություններից յուրաքանչյուրին։ Այն նպաստում է բիզնեսի եկամուտների աճին, կյանքի որակի և մեր երկրների բնակչության բարեկեցության բարելավմանը»։
Հայաստանը ցանկանում է ապագայում ևս շարունակել անդամակցությունը ԵԱՏՄ-ում՝ վստահեցրել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը․
«Հայաստանը մտադիր է ապագայում ևս բարեխղճորեն մասնակցելու ԵԱՏՄ աշխատանքներին փոխադարձ հարգանքի, իրավահավասար գործընկերության և ԵԱՏՄ պետությունների բոլոր անդամների ազգային շահերը հաշվի առնելու հիման վրա։ Հայաստանը մեկ անգամ չէ, որ հաստատել է Եվրասիական տնտեսական միության շրջանակում փոխշահավետ գործակցության հանձնառությունը՝ ի շահ մեր երկրների և ընդհանուր առմամբ մեր տարածաշրջանի տնտեսական կայունության և տնտեսական զարգացման ապահովման»։
ԵԱՏՄ կարևոր ուղղություններից մեկը նաև դիվերսիֆիկացիան է երրորդ երկրների հետ առևտրատնտեսական կապերի հաստատման ուղղությամբ, որի կարևոր բաղադրիչներից մեկը, ըստ Մհեր Գրիգորյանի, տրանսպորտային ուղիների դիվերսիֆիկացիան է, ինչը էական ազդակներ կհաղորդի ապրանքաշրջանառությանը։
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված նիստում Ղազախստանի նախագահ և ԵԱՏՄ-ում նախագահող Կասիմ-Ժոմարտ Տոկաևն էլ վստահեցրել է, որ 2026 թվականին ԵԱՏՄ շրջանակում առևտրաշրջանառությունը կգերազանցի 100 մլրդ դոլարը․ 2025–ին այն 95 մլրդ դոլար էր։