«Ատլետիկոյի» կոշտ արձագանքը Ալվարեսի՝ «Բարսելոնա» տեղափոխվելու մասին լուրերին

Մադրիդի «Ատլետիկոյի» ներկայացուցիչը AS պարբերականի հետ զրույցում հստակեցրել է ակումբի դիրքորոշումը Խուլիան Ալվարեսի՝ «Բարսելոնա» հնարավոր տեղափոխության շուրջ խոսակցությունների վերաբերյալ։

Նախկինում իսպանական մամուլում տեղեկություններ էին շրջանառվում, թե արգենտինացին անձամբ է տեղեկացրել մադրիդյան ակումբի ղեկավարությանը հեռանալու իր ցանկության մասին:

«Խուլիան Ալվարեսը չի վաճառվում: Մենք հոգնել ենք ամիսներ շարունակվող ստերից, կիսաճշմարտություններից և ամբողջովին հորինված պատմություններից. օրինակ՝ այն լուրերից, թե իբր նա տուն է գնել Բարսելոնայում: Սա փոքր ակումբին բնորոշ պահվածք է:

«Ատլետիկոն» ֆուտբոլիստի տրանսֆերի վերաբերյալ որևէ առաջարկ չի ստացել, և ոչ մի բանակցություն չի կայացել: Ֆուտբոլիստը մեղավոր չէ այս ամենում: Խուլիանն իրեն դրսևորել է անթերի, սա դրսից եկող արհեստական խնդիր է, որը նրա հետ ոչ մի կապ չունի»,- ասել է մադրիդյան ակումբի աղբյուրը:

Leave a Comment