Օրինական միգրացիայի դուռը կբացվի, երբ փակվի անօրինական միգրացիայի դռները․Հայաստանը վիզաների ազատականացման ճանապարհին

74 հենանիշ՝ իրականացման երկու փուլով։ Հայաստանը սկսել է բարեփոխումները՝ ԵՄ–ի հետ վիզաների ազատականացման վերջնական արդյունքին հասնելու համար։ Գնահատման առաջին զեկույցը արդեն փոխանցվել է Հայաստանին։ Մինչ պաշտոնական Երևանում բարեփոխումներ են սկսել, Հայաստանի քաղաքացիները սպասում են, թե երբ են առանց քաշքշուկների՝ Եվրոպա մեկնելու։ Իսկ եվրոպական երկրների անօրինական միգրատներն անհանգիստ են։ Նրանք չգիտեն՝ ինչ է լինելու իրենց։ Հայաստանի պաշտոնական հարթակներում գիտեն՝ ռեադմիսիա կամ վերադարձ Հայաստան։ Կարևոր է ընդգծել, որ վիզաների ազատականացումը վերաբերում է միայն տուրիստական նպատակով ԵՄ երկրներ մեկնելուն։

Կա՞ արդյոք վերադարձ․ եթե այս հարցը 15 տարի առաջ տային զրուցակցիս, հաստատ կասեր՝ ոչ։ Ես գնում եմ ու չեմ վերադառնալու։ Եվրոպայի դռները բաց էին, ճամպրուկների մեջ՝ առաջին անհրաժեշտության իրեր։ Այսօր արդեն, հետադարձ հայացք գցելով անցած տարիների վրա, փաստում է՝ վերադարձ կա։

«Չեմ կարողանում փաստաթղթերս կարգի բերել, մնալու օրինական թույլտվություն ստանալ։ Մի քանի անգամ մերժել են։ Չգիտեմ ինչ անել․ ամեն ամիս ավելի ու ավելի է խստանում ամեն ինչ»։

Զրուցակիցս մեկն է մեր բազմաթիվ քաղաքացիներից, որ եվրոպական միության երկրներ մեկնել են մշտական բնակության նպատակով։ Բայց փաստաթղթային խնդիրները միշտ չէ , որ հնարավոր է շատ արագ լուծել։ Առանց օրինական կարգավիճակի ու փաստաթղթերի՝ զրուցակիցս հազարավոր բախտակիցների նման հայտնվել է դժվար իրավիճակում։ Եվրոպական երազանքը այսօր արդեն բախվում է խստացված միգրացիոն օրենսդրությանն ու Եվրոպայում փակվող դռներին։

«Չգիտեմ․ մտածում եմ վերադառնալու մասին։ Ինչ է մեր վերջը լինելու՝ չեմ հասկանում։ Գոնե աշխատանք լիներ, լավ ապագա։ Բայց թղթերս չեն լինում»։

Հայաստանն ընտրել է վիզաների ազատականացման ճանապարհը։  2024 թվականի սեպտեմբերին ազդարարվեց ԵՄ մուտքի արտոնագրերի (վիզաների) ազատականացման շուրջ բանակցությունների պաշտոնական մեկնարկը: 2025–ի նոյեմբերին արդեն Եվրահանձնաժողովը Հայաստանին հանձնեց գործողությունների ծրագիրը։ Արդեն այս տարվա մայիսի սկզբին Եվրոպական հանձնաժողովը Հայաստանին փոխանցեց Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի (ԳԾ) իրականացման առաջընթացի առաջին զեկույցը։ Այն նախատեսում է 74 հենանիշ, որոնք իրականացվում են երկու փուլով՝  համապատասխան օրենսդրական և քաղաքականության շրջանակի ձևավորում, դրանց գործնական իրականացման և կիրառության ապահովում։

Առաջին զեկույցը գնահատում է Հայաստանի առաջընթացը առաջին խմբի հենանիշերի կատարման ուղղությամբ՝ կենտրոնանալով բացառապես օրենսդրական և քաղաքականության շրջանակի վրա չորս կարևոր ուղղություններով՝ փաստաթղթերի անվտանգություն, սահմանների, միգրացիայի և ապաստանի կառավարում, հասարակական կարգ և անվտանգություն, արտաքին հարաբերություններ և հիմնարար իրավունքներ: Թեև Գործողությունների ծրագրի տրամադրումից կարճ ժամանակ է անցել, Հայաստանի կառավարությունն արդեն իսկ նախաձեռնել կամ ծրագրել է պահանջվող օրենսդրական և քաղաքական փոփոխությունների զգալի մասը, ինչը ԵՄ–ն բարձր է գնահատում։

ՆԳՆ նախարար Արփինե Սարգսյանը ընդգծում է

«Արձանագրում ենք պատմական առաջընթաց։ Արել ենք ավելին, քան ակնկալվում էր»։

Եվրամիության ու Եվրահանձնաժողովի պաշտոնյաները բարձր են գնահատում Հայաստանի գործակցությունը։ Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր հանձնակատար Կայա Կալասը ընդգծում է գործընթացի շարունականությունը․  

«Գործակցելու ենք վիզայի ազատականացման և անվտանգության ոլորտում։ 2025 թվականը կարևոր տարի էր ձեր երկրի համար․ ավարտվեց Հայաստան–Ադրբեջան կոնֆլիկտը, և ԵՄ–ն աջակցում է ձեզ այս հարցում։ Հայտարարում եմ 15 մլն եվրոյի մասին, որն ուղղվել է խաղաղությանը և ավելի դիմակայուն Հայաստանին»։

Եվրոպական հանձնաժողովը Հայաստանին փոխանցած Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի (ԳԾ) իրականացման առաջընթացի առաջին զեկույցում նշվում է, որ բոլոր ոլորտներում առաջընթացն ակնհայտ է։ Շեշտադրվում է սահմանների, միգրացիայի և ապաստանի կառավարումը. Հայաստանն ակտիվորեն մշակում է Սահմանների համալիր կառավարման (IBM) 2026-2029 թթ․ ռազմավարությունը։ Մեջբերում․
 
«Հայաստանը շարունակում է ամրապնդել ԵՄ անդամ պետությունների և երրորդ երկրների հետ գործակցությունը հետընդունման (readmission) ոլորտում։ Նկատվում են դրական փոփոխություններ սահմանային ուղղորդման մեխանիզմների ամրապնդման, ապաստանի գործերի կառավարման էլեկտրոնային համակարգի ստեղծման ուղղությամբ աշխատանքներում»։

Հայաստանի կառավարության՝ Եվրամիության հետ վիզաների ազատականացման գործընթացը վերջնարդյունքին հասցնելուն ուղղված բանակցությունները ենթադրում են դյուրացված այցելություններ Եվրամիության անդամ երկրներ։ Վիզաների ազատականացումը վերաբերում է ճանապարհորդելու ավելի լայն հնարավորություններ ստեղծելուն։

Վիզաների մերժման մակարդակը գրեթե անփոփոխ է մնացել 2019-2023 թթ։ Ըստ վիճակագրության՝ 2019-2023 ժամանակահատվածում տրամադրված վիզաների ընդհանուր թիվն աճել է 36 %-ով։ 2024–ի վերջին տվյալները ցույց են տալիս, որ մերժումների մակարդակը մնացել է կայուն՝ 12,4 %, իսկ վիզայի դիմումների թիվն աճել է՝ 2023–ի 80.356-ից՝ 2024–ին հասնելով 100.352-ի։ Ըստ Գործողությունների ծրագիր ներառված տվյալների՝ ԵՄ-ում ապօրինի գտնվող և ձերբակալված ՀՀ քաղաքացիների թիվը 2019–ի 2150-ից 2023–ին հասնել է 2295-ի։ ԵՄ-ում ապաստան խնդրող ՀՀ քաղաքացիների թիվը նույնպես փոքր-ինչ աճել է՝ 2019–ի 4655-ից 2024–ին հասնելով 5125-ի (2023–ին՝ 6110)։

Արդեն Հայաստանին ներկայացված զեկույցում արտացոլված տվյալներն ընդգծում են Հայաստանի և ԵՄ միջև խորացող կապերը: ՀՀ քաղաքացիներին տրամադրված Շենգենյան վիզաների թիվը կայուն աճ է գրանցել՝ 2019 թվականի 51․000-ից 2024 թվականին հասնելով 86․300-ի, ընդ որում՝ զգալիորեն ավելացել է բազմակի մուտքի արտոնագրերի տեսակարար կշիռը (այժմ՝ 43,5 %): Ավելին՝ վիզաների մերժման մակարդակը դրական նվազման միտում ունի, ինչն արտացոլում է ճամփորդող ՀՀ քաղաքացիների նկատմամբ վստահության աճը։ ԵՄ անդամ պետությունների հյուպատոսությունները խրախուսում են ՀՀ քաղաքացիներին, որ վիզայի դիմումների ներկայացման համար օգտվեն միայն պաշտոնական ուղիներից՝ մերժումներից խուսափելու նպատակով։

Ծրագրով ակնկալվում է, որ պետք է ամբողջությամբ ապահովվի և կիրառվի ԵՄ-ի և Հայաստանի միջև հետընդունման մասին համաձայնագրի իրականացումը։ Սա նշանակում է, որ ԵՄ երկրներում անօրինական միգրացիայի դեմ պայքարը էլ ավելի է խստանալու։ Նրանք, ովքեր փաստաթղթային խնդիրներ ունեն, մեծ է հավանականությունը, որ կամավոր կամ պարտադրաբար կվերադառնան Հայաստան։

ՆԳՆ փոխնախարար Արմեն Ղազարյանը «Ռադիոլուր»–ին փոխանցում է՝ մտավախություն չունեն, որ ազատականացումից հետո անօրինական միգրացիայի ծավալները կավելանան։ Համադրելի երկրները Վրաստանն ու Մոլդովան են, որ անցել են այդ ճանապարհով․

«Ոչ մի երկրում էլ տեղի չի ունեցել դեմոգրաֆիական կոլապս, ոչ մի երկրում էլ չի տեղի ունեցել այնպիսի մի իրավիճակ, որ ամբողջ բնակչությունը մեկնել և չի վերադարձել։ Նման իրավիճակ չկա։ Ի՞նչն է կանխարգելում այս ամենըառաջինը մեր ռեադմիսիոն ոլորտի գործակցությունն է, հետընդունման ոլորտի գործակցությունը։ Եվրոպական միությունը շարունակաբար խստացնում է իր միգրացիոն օրենսդրությունը և կառուցակարգերը, այսինքն՝ երբ անձինք Եվրոպական միությունում հայտնվում են անօրինական ճանապարհով կամ հետագայում թույլատրելի ժամկետները խախտելով, դառնում են անօրինական միգրանտ, Եվրոպական միությունը անձին նույնականացնում է և հետ է ուղարկում տվյալ պետություն։ Եթե նայենք Հայաստանը Եվրամիության հետ վիճակագրությամբ, եթե հետևենք, ունի շատ լավ գործակցություն ռեադմիսիայի ոլորտում։ Ռեադմիսիոն ստացված հայցերի 80–90 %–ը հայկական կողմից արժանանում են դրական պատասխանի, և մենք հետ ենք ընդունում այս անձանց։ Ապաստանի հայցերն են ապաստանի հայցերը, որոնք ներկայացվում են, օրինակ, Հայաստանի Հանրապետությունից Եվրոպական միության տարածքում վերջին տարիներին ապաստանի հայցերի 95 և ավելի տոկոսը, որոնք Հայաստանի քաղաքացիները ներկայացրել են Եվրոպական միությունում, մերժվել են»։

Ռեադիմսիոն հայցերով երկրների շարքը նույնն է՝ Ֆրանսիա, Գերմանիա, Ավստրիա, Նիդերդալնեդներ, Բելգիա։

Միգրացիոն հարցերով փորձագետ Տաթևիկ Բեժանյանը «Ռադիոլուր»–ի հետ զրույցում ևս կարևորում է ԵՄ երկրներում օրինական հիքմերով բնակվելը։ Ընդգծում է՝ մտահոգվելու առիթներ չի տեսնում։

Բացատրում է․ «Եթե մարդը մեծ գումար է վճարում, որ կարողանա գնալ ու այնտեղ աշխատի, ամեն ինչ անելու է, կառչելու, որ մնա այնտեղ։ Բայց եթե չունենա կառչելու պատճառ, այսինքն, օրինակ, վիզաների ազատականացումից հետո շատ ավելի հեշտ կդառնա գնալը։ նա կարող է գնալ, գտնել գործատու, պայմանավորվել, հետո գալ ու աշխատանքային պայմանագրով ու վիզայով նորից մեկնել աշխատելու։ Նշեմ, որ սա աշխատանքի համար ազատականացում չէ, այլ լինելու է միայն տուրիստական»։

 ՆԳ փոխնախարար Արմեն Ղազարյանը ևս «Ռադիոլուր»–ի հետ զրույցում շեշտում է, թե վիզայի որ տեսակի մասին է խոսքը․

«Սա ԵՄ տարածքում աշխատելու հնարավորություն չէ, երկարաժամկետ մնալու հնարավորություն չէ։ Մեկ տեսակի վիզայի՝ Շենգեն C տեսակի վիզայի մեկ տարվա ընթացքում՝ 180 օրվա ընթացքում 90 օր կարող է մուտք գործել ու մնալ Շենգեն գոտու տարածքում»։

Վիզաների ազատականացման երկխոսությունը կշարունակվի այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է սահմանված բոլոր հենանիշերի լիարժեք կատարման ապահովման համար։ Հանձնաժողովը կշարունակի հետևել Գործողությունների ծրագրով սահմանված բոլոր հենանիշերի կատարմանը՝ ԵՄ անդամ երկրների փորձագետների աջակցությամբ, և այդ նպատակով առաջիկայում Հայաստանում կկազմակերպվեն լրացուցիչ գնահատման առաքելություններ։ Իսկ ե՞րբ կստորագրվի վիզաների ազատականացման այդքան սպասված փաստաթուղթը։ ՆԳՆ փոխնախարար Արմեն Ղազարյան․

«Այն ժամանակ, երբ մենք կիրականացնենք վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը ամբողջությամբ, և Եվրոպական խորհրդարանն ու Եվրոպական միության խորհուրդը կընդունեն համապատասխան որոշումը վիզաները ազատականացնելու մասին։ Դա է ժամկետը»։

Իսկ ժամանակը կգա, երբ Հայաստանը ամբողջությամբ կանի գործողությունների ծրագրում նախատեսված բոլոր քայլերը՝ սահմանների արդիականացումից մինչև բիոմետրիկ անձնագրերի տպագրություն։

Leave a Comment