Պատմական մայրաքաղաք Արտաշատի պեղումների ընթացքում հայտնաբերված ութանիստ եկեղեցուն նվիրված բացառիկ ցուցադրություն է բացվել Մատենադարանում, տեղեկանում ենք ԿԳՄՍ նախարարության պաշտոնական էջից։
Ըստ հրապարակման՝ վաղ քրիստոնեական եկեղեցին թվագրվում է IV դարի առաջին քառորդով (Տրդատ Մեծի և Գրիգոր Լուսավորչի ժամանակաշրջան) և հանդիսանում է հայ քրիստոնեական ճարտարապետության ամենավաղ օրինակներից մեկը։
Կառույցի առկայությունն արձանագրվել է 2023 թվականին երկրամագնիսական հետազոտությունների շնորհիվ, իսկ 2024-ի պեղումներն ու ածխածնային քննությունը հաստատել են դրա պատմական արժեքն ու նշանակությունը։
Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանի փոխանցմամբ՝ մինչ այս հնագիտական հայտնագործությունը եկեղեցու մասին տեղեկությունները հայտնի էին միայն ձեռագիր մատյաններից, և այժմ տեղի է ունենում դրանց նյութական վավերացումը։
Բացահայտումն իրականացել են հայ-գերմանական «Արտաքսատա» համատեղ ծրագրի շրջանակում՝ ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի և Մյունստերի համալսարանի գիտնականների կողմից։
ԿԳՄՍ նախարարությունը հայտնել է, որ արդեն մշակված է Արտաշատի տարածքի զարգացման ամբողջական հայեցակարգը՝ ուղղված հնավայրի պահպանմանը, ենթակառուցվածքների զարգացմանն ու զբոսաշրջային հանրայնացմանը։
