«Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամ, առաջիկա խորհրդարանական ընտրություններում դաշինքի նախընտրական ցուցակի երրորդ համար Գոհար Մելոյանը ներկայացրել է «Քո ձայնը» կայքը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մայիսի 29-ին կայացած ասուլիսի ժամանակ Մելոյանը նշեց, որ նորաբաց կայքէջը միտված է լինելու քաղաքացիների իրավունքների պաշտպանությանը։«Շատ հաճախ մեր հայրենակիցները իրավատեր չեն։ Մարդիկ վախենում են ճնշումներից, նրանց մոլորեցնում են, մենք փորձում ենք բոլոր մեխանիզմները ներդնել, որպեսզի Հայաստանի քաղաքացին ընտրության իր քաղաքական կամքի նկատմամբ իրավական ոչ մի միջամտություն թույլ չտա»,-ասաց նա՝ հավելելով, որ կայքում կգործի նաև թեժ գիծ։
«Կայքէջը եռալեզու է։ Մենք գնալու ենք քաղաքացիների բոլոր ահազանգերի հետքերով»,-նշեց նա։Գոհար Մելոյանը հավելել է, որ «Ուժեղ Հայաստան»-ի առաջնահերթությունը Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավար և իրավական ընտրությունների անցկացումն է։«Մենք հսկայական ներուժ ենք ներդնելու, որպեսզի քաղաքացիների համար ընտրական գործընթացի օրինականությունը մաքսիմալ ապահովենք։ Ժողովուրդն է իշխանության աղբյուրը, և մեր նպատակն է հնարավորություն ունենալ իրականացնել արդար, հավասար ընտրություններ»,-հավելել է Մելոյանը՝ քաղաքացիներին հորդորելով գնալ և ազատորեն իրացնել իրենց ընտրական իրավունքը։
Հայաստանում հունիսի 7-ին կանցկացվեն խորհրդարանական հերթական ընտրությունները։ Նախընտրական քարոզարշավը մեկնարկել է մայիսի 8-ից և կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Ընտրություններին մասնակցելու համար առաջադրվել է 18 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 16 կուսակցություն (ընտրություններին մասնակցության համար գրանցված «Ալյանս» կուսակցությունը դուրս է եկել ընտրապայքարից)։«Ուժեղ Հայաստան» դաշինքի քվեաթերթիկը երրորդն է։
Դաշինքի ներկայացուցիչները հայտարարում են, որ իրենց վարչապետի թեկնածուն գործարար, «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր Սամվել Կարապետյանն է՝ չնայած այն հանգամանքին, որ Սամվել Կարապետյանը, բացի Հայաստանի քաղաքացիությունից, ունի նաև Կիպրոսի և Ռուսաստանի քաղաքացիություն։ Կարապետյանն այս պահին տնային կալանքի տակ է, նա անցնում է իշխանությունը զավթելու հրապարակային կոչեր հնչեցնելու և փողերի լվացման քրեական գործերով։
Կարապետյանը իրեն առաջադրված մեղադրանքները չի ընդունում։Չնայած «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամների կողմից արդար և հավասար ընտրությունների անցկացման կարևորության մասին հավաստիացումներին՝ Հակակոռուպցիոն կոմիտեն պարբերաբար հաղորդագրություններ և ձայնագրություններ է հրապարակում դաշինքի ներկայացուցիչների կողմից ընտրողներին ընտրակաշառք տալու, ընտրողների ազատ կամքի վրա ազդելու գործողությունների բացահայտումների մասին։