ԱՄՆ ֆինանսների նախարարությունը ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները՝ սեւ ցուցակում ընդգրկելով 16 իրավաբանական անձի, ութ նավթատարի եւ Հնդկաստանի մեկ քաղաքացու։ Վաշինգտոնի տվյալներով՝ նրանք բոլորը Թեհրանի շահերից բխող նավթի մատակարարումներով են զբաղվում։
OFAC-ը` ԱՄՆ-ի Օտարերկրյա ակտիվների վերահսկողության վարչությունը հայտարարել է, որ նոր պատժամիջոցներն ուղղված են ստվերային առեւտրի դեմ։ Գերատեսչությունը պնդում են, որ նավթի վաճառքից ստացվող եկամուտներն ուղղվում են Իրանի ռազմական հատվածի ֆինանսավորմանը։
Նոր սահմանափակումները վերաբերում են ԱՄԷ-ում, Կատարում, Հնդկաստանում, Չինաստանում, Հոնկոնգում եւ Մարշալյան կղզիներում գրանցված ընկերություններին։ Բացի այդ, պատժամիջոցների տակ է հայտնվել Պարսից ծոցի գործերի վարչությունը, որը Թեհրանը ստեղծել է ռազմավարական նշանակություն ունեցող Հորմուզի նեղուցում նավագնացության մոնիթորինգի եւ վերահսկման համար։
Պատժամիջոցների ցանկում նաեւ ութ նավթատարներ են, որոնք նավարկում են Պանամայի, Կամերունի, Պալաուի, Սան Մարինոյի, Կոմորյան եւ Մարշալյան կղզիների դրոշների ներքո։
Նոր պատժամիջոցների ֆոնին` ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին։ «Մենք իսկապես կարծում ենք, որ նրանք բանակցում են, առնվազն այս պահին, բարեխղճորեն, եւ մենք առաջ ենք շարժվում»,- ասել է նա լրագրողներին։