Ռուսաստանի անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայությունը՝ «Ռոսսելխոզնադզորը», 2026 թվականի մայիսի 30-ից ժամանակավոր սահմանափակումներ է սահմանում Հայաստանից ծագումով և Հայաստանից արտահանվող թարմ լոլիկի, վարունգի, պղպեղի, կանաչեղենի և ելակի ներմուծման նկատմամբ՝ մինչև արտահանվող արտադրանքի անվտանգության ապահովման համապատասխան մեխանիզմի մշակումը։
Գերատեսչությունից հայտնել են, որ որոշումն ընդունվել է մրգաբանջարեղենի մատակարարումների ընթացքում արձանագրված խախտումների հաճախացման, ինչպես նաև երկրի բուսասանիտարական անվտանգության ապահովման նպատակով։ Ըստ ռուսական կողմի՝ ստեղծված իրավիճակը սպառնալիք է երկրի բուսասանիտարական վիճակի համար։
Նշվում է նաև, որ Հայաստանի իրավասու մարմինը նախկինում արձանագրված խախտումների ուղղությամբ բավարար միջոցներ չի ձեռնարկել։
«Ռոսսելխոզնադզորը» հայտնում է, որ մայիսի 21-27-ը Հայաստանի մի շարք ձեռնարկություններում իրականացված ստուգումների ընթացքում արձանագրվել են խախտումներ, մասնավորապես՝ ջերմոցային տնտեսություններում հայտնաբերվել են ԵԱՏՄ անդամ պետությունների համար կարանտինային համարվող օբյեկտներ։ Ռուսական կողմի տվյալներով՝ 2026 թվականին հայկական գյուղմթերքի ներմուծման ժամանակ նման խախտում արձանագրվել է 181 դեպքով։
Բացի այդ, ռուսական կողմը նշել է, որ տեղեկատվական համակարգի տվյալներով՝ Հայաստանից մեծ ծավալի մրգաբանջարեղեն է արտահանվում արտաքին տնտեսական գործունեությամբ զբաղվող բազմաթիվ կազմակերպությունների կողմից, որոնց սեփականության ձևը հայտնի չէ, և որոնք խուսափում են կարանտինային բուսասանիտարական վերահսկողությունից։ «Ռոսսելխոզնադզորի» գնահատմամբ՝ դա վկայում է Ռուսաստան արտահանվող հայկական արտադրանքի նկատմամբ հետագծելիության համակարգի բացակայության մասին։