Ռուսական ռազմաբազան ՀՀ-ից դուրս բերելու նախադրյալներ չկան․ Շոյգու – armeniatoday.am

Հայաստանից ռուսական ռազմաբազայի դուրսբերման նախադրյալներ չկան, հայտարարել է ՌԴ ԱԽ քարտուղար Սերգեյ Շոյգուն։

Նա հայտարարել է, որ ներկայում որևէ նախադրյալ չի տեսնում Հայաստանում ռուսական ռազմաբազայի գործունեության դադարեցման համար։ Ըստ նրա՝ ռազմաբազան շարունակում է իր բնականոն աշխատանքը և այնտեղ է գտնվում հենց Հայաստանի անվտանգությունն ապահովելու նպատակով։

Հիշեցնենք, որ Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազան գործում է 1995 թվականից։ 2011 թվականին ստորագրված արձանագրությամբ բազայի տեղակայման ժամկետը երկարաձգվել է մինչև 2044 թվականը։

Ապրիլի 30-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ քննարկվում է հայ-իրանական ու հայ-թուրքական սահմանի պաշտպանության գործառույթների վերանայման հարցը՝ ՌԴ-ի հետ 1990-ականներին կնքված պայմանագրի համաձայն։

Նա հավելել էր, որ նախատեսվում է սահմանի պաշտպանության ձևաչափի աստիճանական փոփոխություն, որպեսզի Հայաստանն աստիճանաբար ստանձնի սահմանային վերահսկողության լրացուցիչ պարտականությունները, իսկ Ռուսաստանի ներգրավվածությունը կսահմանափակվի ՀՀ-ի համար ֆինանսապես հարմար պայմաններով։

ՀՀ վարչապետը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 8-ին Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ պայմանավորվել էին, որ 2025-ի հունվարի 1-ից Հայաստան-Իրան պետական սահմանի հսկիչ-սահմանային կետում ծառայությունն ամբողջությամբ կիրականացնեն ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը։ Պայմանավորվածություն էր ձեռք բերվել նաև, որ Հայաստան-Իրան և Հայաստան-Թուրքիա պետական սահմանի պահպանությանը կմասնակցեն նաև ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը։

Նախքան այդ՝ հուլիսի 31-ին, ռուս սահմանապահները 32 տարվա ծառայությունից հետո ավարտել էին իրենց ծառայությունը Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում։

Leave a Comment