«Հանուն հավասար իրավունքների» հասարակական կազմակերպության նախագահ Գայանե Աբրահամյանը Ֆեյսբուքի իր էջում լուսանկար է հրապարակել և կից գրել.
«Մինչեւ 2021 թվականը մեր սպառազինության 96 տոկոսը գնվում էր Ռուսաստանից, այն էլ հիմնականում օգտագործված զենքեր։
Հայաստանը դրա դիմաց վճարել է, չնայած դա միշտ ներկայացվել է որպես մեծ եղբոր նվերը, բայց դա անպետք ջարդոն էր, որի դիմաց, ամեն դեպքում, մենք վճարում էինք միլիոնավոր դոլարներ։
Իսկ վճարման սխեման հիմնականում սա էր․
Ռուսաստանը Հայաստանին տրամադրում էր միջպետական վարկ, բավական բարձր տոկոսով, այդ վարկային գումարով մենք վճարում էինք ռուսական երկաթի ջարդոնի դիմաց՝ այսինքն մի գրպանից գումարը տալիս էին ու միանգամից դնում մյուս գրպանը՝ ահռելի տոկոսների հետ միասին։
2021-ից հետո շուրջ 400 մլն դոլար ենք վճարել, բայց զենքը այդպես էլ չի մատակարարվել, դեհ, թվում է հիմնավոր պատճառներ կային՝ չունեն, չկա, Ուկրաինայում են եւ այլն։
Չէին մատակարարում, բայց նաեւ չէին թողնում գտնել այլընտրանքներ։
Փաստենք՝ 2021-ին Հայաստանը ԵՄ չէր գնում, որեւէ քայլ առանց ռուսների համաձայնության չէր արվում, բայց դա չէր փրկում մեզ, պարզապես ասում էին՝ ԻՆՔՆԱՍՊԱՆ ԵՂԵՔ։
Հիմա, բոլոր նրանք ովքեր պնդում են, թե ՀՀ-ն դավաճանել է դաշնակցին եւ այլն, պարզապես պնդում են, որ Հայաստանը պետք է ինքնասպան լիներ, այնքան ջլատվեր, որ ծվեն-ծվեն ռուսները բաժանեին ու իրենց հարցերը լուծեին տարածաշրջանում՝ մեզնով վճարելով։
Սա է ձեր ասածը, հարգելի Putինապաշտ «հայրենասերներ»։
Այսօր Հայաստանի սպառազինությունների ավելի քան 94 տոկոսը գնվում է այլ երկրներից, իսկ ոխերիմ դաշնակիցը մռնչում է մի բանի համար, որ ինքնասպան չեղանք, որ հերթական անգամ մանրադրամ չդարձանք իր ձեռքում։
Ընդորում՝ վերջին քսան տարիների ընթացքում, ըստ Խաղաղության խնդիրների հետազոտման Ստոկհոլմի միջազգային ինստիտուտի (SIPRI) զեկույցների Ադրբեջանի սպառազինության գնումները մշտապես գերազանցել են Հայաստանին 20-50 անգամ» :