«Նյուքասլի» աստղը ցանկանում է տեղափոխվել «Բարսելոնա»

«Բարսելոնան» ակտիվորեն հետաքրքրված է «Նյուքասլի» հարձակվող Էնթոնի Գորդոնի ծառայություններով և արդեն բանակցություններ է սկսել անգլիական ակումբի հետ։

Ինչպես հաղորդում են Mundo Deportivo-ն, 25-ամյա ֆուտբոլիստի նկատմամբ լուրջ հետաքրքրություն են ցուցաբերում նաև Մյունխենի «Բավարիան» ու «Լիվերպուլը»։ Այնուամենայնիվ, անձամբ Գորդոնը նախապատվությունը տալիս է կատալոնական ակումբին։

Տրանսֆերը կյանքի կոչելու նպատակով՝ օրերս կատալոնացիների մարզական տնօրեն Դեկուն՝ իր օգնականներ Բոյան Կրկիչի և Ժոաո Ամարալի ուղեկցությամբ, հատուկ այց է ունեցել։ «Բարսելոնայում» հույս ունեն հնարավորինս արագ ավարտին հասցնել գործարքը։

Շաբաթներ առաջ «Նյուքասլն» իր առաջատարներից մեկին գնահատում էր 85-90 միլիոն եվրո։ Ի սկզբանե Դեկուն կարծում էր, որ այս տրանսֆերը չափազանց թանկ կարժենա ակումբի համար, սակայն այժմ կատալոնական ճամբարում վստահ են, որ կկարողանան խաղացողի իրավունքները ձեռք բերել մոտ 70 միլիոն եվրոյի դիմաց։

Leave a Comment