Փաշինյան. «ԵԱՏՄ-ից ոչ միայն չենք պատրաստվում դուրս գալ, այլև պատրաստվում ենք մեր լծակները օգտագործել»

«Եվրասիական տնտեսական միությունից ոչ միայն չենք պատրաստվում դուրս գալ, այլև պատրաստվում ենք մեր լծակները և մեր ներգրավվածությունը օգտագործել մեր երկրի տնտեսական շահերը պաշտպանելու համար», – այսօր ճեպազրույցում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ընդ որում՝ Եվրասիական տնտեսական միության պոտենցիալը ամբողջությամբ օգտագործված չի, որովհետև եթե դուք տեսնեք Հայաստանի և Ղազախստանի առևտրաշրջանառությունը, սա շատ սահմանափակ է: Եվ ի վերջո երկաթուղու բացմամբ Ադրբեջանի միջով Հայաստանի և Ղազախստանի, Հայաստանի և Ղրղըզստանի առևտրատնտեսական հարաբերությունները զարգացնելու մեծ պոտենցիալ է ձևավորվել», – նշեց Փաշինյանը:

«ԵԱՏՄ-ում մենք պոտենցիալ էլ ենք տեսնում, և էլի ասում եմ՝ մենք առանց նյարդի, գործընկերային հանդարտ աշխատելու ենք և բոլոր հարցերը լուծենք», – վստահեցրեց վարչապետը:

«Հայաստանի զարգացող տնտեսությանը ես որևէ սպառնալիք չեմ տեսնում, ընդհակառակը՝ հիմա Հայաստանի տնտեսության համար բացվում են անծայրածիր հնարավորություններ: Էդ հնարավորությունների անկյունաքարը և առանցքը TRIPP նախագիծն է», – ասաց Նիկոլ Փաշինյանը:

Մոսկվան տևական ժամանակ Երևանին հորդորում է ընտրություն կատարել ԵԱՏՄ-ի և Եվրամիության միջև, հայկական կողմից էլ արձագանքում են, թե դեռ ընտրության պահը չի հասունացել:

Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն ավելի վաղ հայտարարել էր, թե ԵԱՏՄ մայիսի 28-29-ը կայանալիք գագաթնաժողովում քննարկվելու է կառույցում Հայաստանի կարգավիճակի հարցը։ Նախօրեին էլ նա ընդգծել է, որ ԵԱՏՄ գագաթնաժողովի ընթացքում Հայաստանի անդամակցության վերաբերյալ որոշումներ չեն կայացնի:

«Պայմանագիրը փոխելու համար կոնսենսուս է պետք, և ինչպես գիտենք՝ Հայաստանը չի պատրաստվում դուրս գալ ԵԱՏՄ-ից», – նշել է Օվերչուկը:

Leave a Comment