Մայիսի 28-ը Հայաստանի առաջին հանրապետության անկախության օրն է

Մայիսի 28-ին նշվում է Հայաստանի Առաջին Հանրապետության օրը: Օրը նշանավորում է Հայաստանի անկախության վերականգնումը և նոր պետականությունը։

1918 թվականի մայիսի 28-ին մայիսյան հերոսամարտներից` Սարդարապատից, Բաշ-Ապարանից, Ղարաքիլիսայից հետո ծնունդ առավ Հայաստանի Առաջին Հանրապետությունը: Հայ ժողովուրդը կարողացավ 543 տարի անց վերականգնել պետականությունը: Մայիսի 28-ին Թիֆլիսի Հայոց ազգային խորհուրդն ընդունեց հռչակագիր, որում ասված է.

«Անդրկովկասի քաղաքական ամբողջության լուծումով եւ Վրաստանի ու Ադրբեջանի անկախության հռչակումով ստեղծված նոր դրության հանդեպ Հայոց ազգային խորհուրդն իրեն հայտարարում է հայկական գավառների գերագույն եւ միակ իշխանություն»:

Հունիսի սկզբին հրապարակվեց այսպիսի հաղորդագրություն.

«Հայոց ազգային խորհուրդը՝ այն իրավունքների հիման վրա, որով նրան լիազորել է հայ ժողովուրդը, մայիսի 28-ին որոշեց հռչակել Հայկական պետության անկախությունը, հիմնեց Հայաստանի Ժողովրդավարական Հանրապետությունը»:

Հանրապետություն, որը հիմնադրվեց հայ ժողովրդի համար ծանր ժամանակներում. բազմահազար գաղթականներ ու սով: 1918 թվականի հուլիսի 24-ին հրապարակվեց Հայաստանի Առաջին Հանրապետության անդրանիկ կառավարության կազմը. վարչապետ` Հովհաննես Քաջազնունի, արտաքին գործերի նախարար` Ալեքսանդր Խատիսյան, ներքին գործերի նախարար` Արամ Մանուկյան, զինվորական նախարար` գեներալ Հովհաննես Հախվերդյան: Հայաստանի ազգային դրոշ ընդունվեց եռագույնը` կարմիր, կապույտ, նարնջագույն:

Անկախության տարեդարձի օրը` մայիսի 28-ին, կառավարությունը, որն արդեն գլխավորում էր Ալեքսանդր Խատիսյանը, Հայաստանը հռչակեց Անկախ եւ Միացյալ Հանրապետություն:

Leave a Comment