Իսրայելական ինտենսիվ հարվածների պատճառով Լիբանանում առնվազն 30 մարդ է զոհվել։ ՑԱՀԱԼ-ը հաստատել է, որ փաստացիորեն չպահպանվող հրադադարի ֆոնին իսրայելական ուժերը դուրս են եկել բուֆերային գոտու սահմաններից՝ «Հեզբոլլահ»-ին նոր հարվածներ հասցնելով ռազմավարական նշանակության Լիտանի գետի երկայնքով։
Հիշեցնենք, որ Իսրայելը սկսել էր հարվածներ հասցնել Լիբանանի տարածքին Միացյալ Նահանգներ-Իրան առճակատման ֆոնին։ Հակառակ հրադադարին՝ Թել-Ավիվը Լիբանանի տարածքում շարունակում է կյանքի կոչել իր ռազմավարական նպատակները։
Իսրայելական աղբյուրների հաղորդմամբ՝ նոր հարձակումների նպատակը «Հեզբոլլահ»-ի մարտիկներին երկրի կենտրոնական հատվածներ հետ մղելն է, որպեսզի իրանական աջակցությունը վայելող խմբավորման դրոններն ու արձակած հրթիռները չհասնեն Իսրայելի տարածք։
Նոր հարվածները եղել են Միացյալ նահանգների միջնորդությամբ ձեռք բերված հրադադարի պայմաններում: Իսրայելական կողմը պնդում է, թե խմբավորումն առանց այդ էլ խախտում էր հրադադարը և փորձում ձախողել Վաշինգտոն-Թեհրան բանակցությունները։ Իրանական կողմն ավելի վաղ հայտարարել էր, որ յուրաքանչյուր պայմանավորվածություն ամերիկյան կողմի հետ պետք է ներառի Լիբանանի տարածքում իսրայելական բանակի գործողությունների դադարեցում։
Լիբանանյան լրատվամիջոցներն առավոտյան հաղորդել են ուժգին ռմբակոծությունների մասին, դրանց պատճառով մի շարք բնակավայրերում կան տասնյակ զոհեր ու վիրավորներ։ Իսրայելը ավելի վաղ որոշ բնակավայրերում մարդկանց հորդորել էր լքել իրենց տները։