Պեսկովը ՀՀ-ի հետ համաձայնագրի վերաբերյալ հարցը վերահասցեավորել է «Գազպրոմին»

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Հայաստանի հետ գազային համաձայնագրի հնարավոր չեղարկման հարցն անվանել է կորպորատիվ և այն վերահասցեավորել «Գազպրոմին», տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»։

«Այս մասին պետք է հարցնեք «Գազպրոմին». ես ոչինչ չգիտեմ չեղարկման մասին։ Կա արտոնյալ գին, այն կարող է լինել ավելի բարձր կամ ցածր, կարող է վերանայվել, և կորպորացիաները կարող են բարձրացնել այս հարցը։ Սա կորպորատիվ հարց է. դուք պետք է այն ուղղեք «Գազպրոմին»»,- լրագրողներին ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք, իրականում, քննարկվո՞ւմ է Հայաստանին արտոնյալ գազի մատակարարման համաձայնագիրը չեղարկելու հնարավորությունը։

Պեսկովը նաև հայտարարել է, որ Հայաստանն ընդունել է համապատասխան օրենք, որն իրավաբանորեն պարտավորեցնում է Երևանին կենտրոնանալ եվրաինտեգրման վրա։

«Հայաստանն ընդունել է համապատասխան օրենք, որը, ըստ էության, իրավաբանորեն պարտավորեցնում է Հայաստանի կառավարությանը և բոլոր պետական ​​մարմիններին կենտրոնանալ եվրաինտեգրման վրա»,- ասել է նա։

 

Leave a Comment