Կառավարությունը փոխել է վարորդական իրավունքից զրկված անձանց վարորդական իրավունքի վերականգնման կարգը։ Նախագիծը Կառավարության նիստում ներկայացրած ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի խոսքով՝ ներկայում վարորդական իրավունքից զրկված անձինք 1 տարի հետո վարորդական իրավունքները վերականգնում են քննությունների միջոցով՝ անկախ նրանից, թե առաջին անգամ են զրկվել, թե ոչ։
Առաջարկվող փոփոխությամբ առաջին անգամ վարորդական իրավունքից զրկված անձինք կկարողանան մեկ անգամ վերականգնել այն առանց քննության՝ վճարելով 50 հազար դրամ պետական տուրք։
«1 տարվա ժամկետը լրանալուց անձինք կարող են դիմել և վճարելով պետական տուրք, որն այս օրենսդրական նախաձեռնության շրջանակներում կազմում է 50 հազար դրամ, վերականգնել իրենց իրավունքն առանց որակավորման քննությունների՝ միայն 1 անգամ»,- նշել է Սարգսյանը։
Նրա խոսքով՝ վերականգնումից հետո վարորդների համար սահմանվելու է մեկ տարվա փորձաշրջան՝ 13-ի փոխարեն տրամադրելով ընդամենը 6 տուգանային միավոր։
«Եթե 6 բալային միավորը սպառվում է կամ անձը այս ժամանակահատվածում կրկին զրկվում է վարորդական իրավունքից, ավտոմատ կերպով կրկին գնում ենք զրկման եղանակի, և անձը 1 տարի ժամկետով չի կարողանում վարել տրանսպորտային միջոց»,- ասել է նախարարը։