Արվեստով միավորված ընտանիք՝ Սիրվարդ Մեսրոպյան և Վաղարշակ Սահակյան. «Արդեն 100 տարի»

Երևանում ապրում էր մի շատ արվեստային ընտանիք: Կինը ծնվել էր Հալեպում, իսկ ամուսինը՝ Սալմաստ գավառի Փայաջուկ գյուղում, որը վիպասան Րաֆֆու ծննդավայրն է: Նրանք Հայաստանում կազմեցին իրենց ընտանիքը:

Դերասանուհի, ասմունքող Սիրվարդ Մեսրոպյան և երգիչ Վաղարշակ Սահակյան. վստահաբար, տարիքով մարդիկ կարոտով կվերհիշեն մեր այսօրվա հերոսներին, իսկ ավելի երիտասարդները, որոնք նրանց չեն տեսել բեմերում կամ չեն վայելել նրանց կատարումները հեռուստատեսությամբ ու ռադիոյով, այսօր կբացահայտեն նրանց:

Վաղարշակ Սահակյանը կրթությունը ստացել է Թիֆլիսում, իսկ մասնագիտական՝ երաժշտական կրթության համար եկել է Գյումրի՝ սովորելու երաժշտական ստուդիայում: Նրա փառահեղ ուսուցիչներն էին Նիկողայոս Տիգրանյանը և Դանիել Ղազարյանը։ 1942 թվականից, մի ամբողջ 30 տարի, հենց Վաղարշակն է ղեկավարել «Սայաթ-Նովա» աշուղական երգի անսամբլը, որը հիմնել էր Շարա Տալյանը սրանից, գրեթե, 100 տարի առաջ՝ 1927-ին: 1972-ին անսամբլը դադարեցրեց գործունեությունը և միայն 20 տարի անց վերստին սկսեց իր ընթացքը՝ Թովմաս Պողոսյանի ջանքերով: Այս տարի Վաղարշակ Սահակյանը կդառնար 120 տարեկան: Նա մահացավ 1978-ի ապրիլի 24-ին:

Սիրվարդ Մեսրոպյանը՝ խոսքարվեստի, ցավոք, մոռացված աստղը, այս տարի կդառնար 98 տարեկան, բայց մահացավ 52 տարեկան հասակում՝ 1981-ի ձմռան մի ցուրտ օր: Հալեպում ծնված Սիրվարդը 1947 թվականին ներգաղթեց Հայաստան և ընդունվեց գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական բաժին: Նրա առաջին բեմը Արտաշատի Ա. Խարազյանի անվան պետական թատրոնն էր: Հետո բեմ բարձրացավ տարբեր թատրոններում՝ խաղընկեր լինելով Վահրամ Փափազյանին և Հրաչյա Ներսիսյանին: Նրա Դեզդեմոնան շատ բարձր է գնահատվել հանդիսականի կողմից: Բայց ասմունքի հանդեպ սերն ի վերջո հաղթեց, և թատերական բեմը նա փոխարինեց համերգային բեմերով: Սիրվարդն էր, որ անտեսելով վտանգը, Հովհաննես Շիրազի անտիպ, արգելված «Հայոց դանթեականը» առաջին անգամ ներկայացրեց բեմերից:

Leave a Comment