Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը և նրա լեհ գործընկեր Դոնալդ Տուսկը մայիսի 27-ին Լոնդոնում կստորագրեն անվտանգության և պաշտպանության մասին համաձայնագիր, հայտարարել է վարչապետի գրասենյակը։
Փաստաթուղթը կներառի սահմանային անվտանգությունը, կազմակերպված հանցավորության դեմ պայքարը, կոլեկտիվ պաշտպանության ամրապնդումը և Եվրամիության հետ համագործակցության խորացումը։
«Այս համաձայնագիրը Լեհաստանի հետ մեր պաշտպանության և անվտանգության հարաբերություններում ամենամեծ առաջընթաց քայլն է վերջին մեկ սերնդի ընթացքում։ Այն մեզ հնարավորություն կտա հաղթահարել ժամանակակից անվտանգության սպառնալիքները, որոնք կարող են պակաս տեսանելի լինել, բայց ոչ պակաս վտանգավոր:
Համաձայնագիրը նաև վերահաստատում է իմ հանձնառությունը՝ ավելի սերտորեն համագործակցելու մեր եվրոպացի գործընկերների հետ՝ անվտանգությունն ամրապնդելու, մեր քաղաքացիների համար հնարավորությունները ընդլայնելու և մայրցամաքում կայունությունն ապահովելու համար», – Սթարմերի գրասենյակը մեջբերել է նրա խոսքերը։
Հայտարարության մեջ նշվում է, որ Մեծ Բրիտանիան և Լեհաստանը մտադիր են «միավորել փորձը և արդյունաբերական կարողությունները՝ հաջորդ սերնդի բարդ զենք մշակելու և արտադրելու, ինչպես նաև ինքնիշխան մատակարարման շղթաները ապահովելու համար»։