Աֆրիկյան երկրները և նրանց միջազգային գործընկերները խոստացել են մոտ 500 միլիոն դոլար հատկացնել Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում (ԿԴՀ) և Ուգանդայում Էբոլայի բռնկման դեմ պայքարի համար, ասվում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Աֆրիկայի կենտրոնների հայտարարության մեջ։
«Կառավարությունները, բազմակողմանի կազմակերպությունները և մարդասիրական գործընկերները խոստացել կամ պարտավորվել են հատկացնել մոտ 500 միլիոն դոլար», – ասվում է Աֆրիկյան միության կայքում հրապարակված փաստաթղթում։
Հայտարարության մեջ ասվում է, որ աֆրիկյան առաջնորդների և Աֆրիկյան միության ներկայացուցիչների մասնակցությամբ առցանց հանդիպման ժամանակ որոշվել է աջակցել Էբոլայի բռնկման «պատրաստվածության և արձագանքման ծրագրին»։ Այս ծրագիրն իրականացնելու համար անհրաժեշտ է առնվազն 319 միլիոն դոլար։ Միջոցները կծախսվեն հունիսից նոյեմբեր ընկած ժամանակահատվածում՝ «տուժած երկրներում բռնկման վերահսկողությունը ուժեղացնելու և Աֆրիկյան միության առնվազն 11 բարձր ռիսկի անդամ պետություններում պատրաստվածությունը բարելավելու համար»։
Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ Սիրիլ Ռամաֆոսան, որը մասնակցել է հանդիպմանը, հայտարարել է, որ աֆրիկյան երկրները խոստացել են ֆինանսավորման մի մասը տրամադրել։
«Աֆրիկյան երկրներն իրենք արդեն իսկ նախնական ներդրումներ են կատարել ազգային մակարդակով՝ պահանջվող գումարի մոտավորապես 10%-ը։ Աֆրիկան այլևս պասիվորեն չի սպասում, որ ուրիշները գործեն», – ասել է առաջնորդը, որը նաև նախագահում է Աֆրիկյան միության համավարակի կանխարգելման և արձագանքման նախաձեռնությունը։