Շենքի պաշարումը երեք օր է տևել
Արցունքաբեր գազ, ռետինե փամփուշտներ, բիրտ գրոհ մարդկանց վրա: Թուրքիայում նոր բախումներ են իրավապահների և քաղաքական հիմնական ընդդիմադիր կառույցի՝ Ժողովրդա-հանրապետական կուսակցության ակտիվիստների միջև:
Ոստիկաններն Անկարայում ներխուժել են կուսակցության գրասենյակներ:
Օպերացիան սկսվել է այն բանից հետո, երբ ժողովրդա-հանրապետականի գրասենյակում ապաստանած բարձրաստիճան կուսակցականները, այդ թվում լիդերը՝ Օզգյուր Օզելը, և բազմաթիվ ակտիվիստներ երեք օր շարունակ ինքնաշեն արգելապատնեշներով փակել են իրավապահների մուտքը:
Առճակատումը ծագել է դեռ 2023-ին՝ այն բանից հետո, երբ դատարանը չեղարկել է Օզելի ընտրությունը կուսակցության նախագահի պաշտոնում:
Իրավունքները սահմանափակող մեթոդներ
Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով փոխտնօրեն Բենջամին Ուորդի խիստ գնահատական է տվել թուրքական դատարանի վճռին:
«Դատարանի որոշումը նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարության ավելի լայն քաղաքական ծրագրի մի մասն է՝ լուսանցք մղելու հիմնական քաղաքական ընդդիմությանը, դրան հասնելու համար գործադրվում են մեթոդներ, որոնք խորապես խաթարում են քաղաքացիական և քաղաքական իրավունքները և Թուրքիայի ժողովրդավարական գործընթացը»,- հայտարարել է Ուորդը։
Պատիժ Էրդողանի կուսակցությունից առաջ անցնելու համար
Էրդողանը հայտնի է քաղաքական վրեժխնդրության դիմելու գործելակերպով: Օզելի առաջնորդած կուսակցությունը 2024 թվականին տեղական ընտրություններում ծանր պարտության է մատնել Էրդողանի ղեկավարած «Արդարություն և զարգացում» կուսակցությանը:
Օզելի աջակիցների փոխանցմամբ Ժողորդա-հանրապետականը պատժվում է այն բանի համար, որ առաջ է անցել «Արդարություն և զարգացում»-ից և վերջին տասնամյակների ընթացքում առաջին անգամ դարձել է ամենաազդեցիկ քաղաքական ուժը:
Շենքից դուրս գալով, Օզելը համախոհների հետ շարժվել է դեպի խորհրդարան:
Պայքարը դեմոկրատական սկզբունքների համար է
«Մենք անպայմանն կվերադարձնենք մեր գրասենյակ»,- հայտարարել են ընդդիմադիրները:
Մեծ թվով ցուցարարներ պնդում են, որ պայքարը ոչ այնքան տվյալ կուսակցության, որքան դեմոկրատական սկզբունքների համար է: Այդ է ասել Փելին Թունչերը:
«Մենք որևէ կուսակցական օրակարգ չունենք։ Մենք այստեղ ենք՝ մեր իրավունքները պահանջելու համար։ Մենք ապրում ենք աշխարհիկ երկրում։ Մենք այստեղ ենք՝ մեր սեփական մտքերը արտահայտելու, ազատ ապրելու և դա ճնշումներից պաշտպանելու համար»,- ասել է Թունչերը:
Ցուցարար Հոսեյն Օզթյուրքի փոխանցմամբ էլ իշխանությունն ամեն բան անում է Ժողովրդա-հանրապետականների «հաղթարշավը կասեցնելու համար»:
«Նրանք հեռացրին մեր նախագահին պաշտոնից, նշանակեցին հոգաբարձու։ Մենք այստեղ ենք բողոքելու դրա դեմ: Մենք փողոցներում և հրապարակներում կլինենք մինչև վերջ»,- ասել է Օզթյուրքը։
Քեմալ Քըլըչդարօղլու vs Օզգյուր Օզել
Մինչդեռ, այդ կուսակցության վերնախավում առճակատում է, և էլի պետության մատը խառն է:
Դատարանը պահանջում է Ժողովրդա-հանրապետականի լիդեր վերանշանակել նախկին կուսակցապետ Քեմալ Քըլըչդարօղլուին, որը թեպետ Էրդողանի աչքի լույսը չէ, սակայն տարբեր գործոնների բերումով ավելի ընդունելի է նրա համար:
Քըլըչդարօղլուն 13 տարի ղեկավարել է կուսակցությունը, բայց ոչ մի անգամ չի հաղթել: Իսկ Օզելի ղեկավարմամբ Ժողովրդա-հանրապետականը հուժկու հարված է հասցրել Էրդողանին հենց առաջին տեղական ընտրություններում:
Աթաթուրքը և հանրապետության, և կուսակցության «հայր»
Այդ կուսակցությունը 1923 թվականին ստեղծել է արդիական Թուրքիայի հանրապետության հիմնադիր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքը՝ «թուրքերի հայրը»:
1980 թվականի ռազմական հեղաշրջումից հետո իշխանությունը զավթած զինվորականներն օրենքից դուրս են հայտարարել Ժողովրդա-հանրապետականի, սակայն 1992 թվականին կուսակցության գործունեությունը վերականգնվել է: