«Ծընգլ արեցիք»-ը լրագրողներին էր ուղղված, ոչ թե գերիներին. Միրզոյան – armeniatoday.am

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մեկնաբանել է ավելի վաղ Գյումրիում իր արտասանած «ծընգլ արեցիք» արտահայտությունը՝ հայտարարելով, որ այն կոնտեքստից կտրված է եղել և չի վերաբերել Ադրբեջանում գտնվող հայ գերիների հարցին։

Գյումրիում մայիսի 25-ին քարոզարշավի ժամանակ Միրզոյանն այս արտահայտությամբ էր արձագանքել հարցին՝ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ քննարկելո՞ւ է գերիների հարցը։

Միրզոյանի խոսքով՝ իր ռեպլիկն ուղղված է եղել լրագրողներին, այլ ոչ թե հայ գերիների թեմային, քանի որ ինքը շտապում էր նախընտրական միջոցառման։

«Հարցերն ամենևին էլ գերիների մասին չէին։ Վերջում ես կրկնեցի, որ չեմ պատասխանում հարցերին, և ասացի՝ «ծընգլ արեցիք»։ Ես չեմ լսել, որ հարցը գերիների մասին էր, որովհետև աղմուկ էր, և ես արդեն հեռացել էի լրագրողից»,— պարզաբանել է Միրզոյանը։

Նախարարը հավելել է, որ չի հասկանում, թե ինչպես կարող էին իր խոսքերը մեկնաբանվել որպես պատասխան գերիների մասին հարցին։

«Չեմ հասկանում, մի՞թե որևէ մեկը կարող է մտածել, որ գերիների մասին հարցին լրջորեն կարելի է պատասխանել՝ «ծընգլ արեցիք»,— հայտարարել է նա ԱՄՆ պետքարտուղարի այցից հետո կայացած մամուլի ասուլիսում։

Նախարարի խոսքով՝ լրագրողները «արտահայտությունը կտրել են կոնտեքստից»։ Նա պնդել է, որ շփման սկզբում բազմիցս մերժել է մեկնաբանություններ տալ, քանի որ այդ պահին արդեն մեկնարկել էր իշխող կուսակցության նախընտրական արշավը։

Leave a Comment