Ե՛վ Իրանից, և՛ ՌԴ-ից հետաքրքրություն կա TRIPP-ի նկատմամբ. Միրզոյան

Ե՛վ Իրանից, և՛ ՌԴ-ից հետաքրքրություն կա TRIPP-ի նկատմամբ. Միրզոյան

«Տարբեր հայտարարություններ են հնչել դեռ օգոստոսի 8-ից հետո, հունվարի 14-ից հետո, ընթացքում էլ, այսօր էլ կտեսնենք նույնը՝ և՛ ՌԴ-ի, և՛ Իրանի տարբեր շրջանակների կողմից։ Բայց մենք առաջնորդվում ենք պաշտոնյաների պաշտոնական դիրքորոշմամբ»,- հայտարարել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ TRIPP-ի վերաբերյալ ՌԴ-ից ու Իրանից հնչող կարծիքների մասին Radar Armenia-ի հարցին ի պատասխան։

«Եթե մի փոքր փորփրենք համացանցը, կտեսնենք Իրանի պաշտոնյաների կողմից հետաքրքրություն TRIPP-ի նկատմամբ, նաև այն հնարավորությունների նկատմամբ, որ նույն TRIPP-ը բերում է Իրանին»,- ասել է նա՝ հավելելով, որ տեղյակ է փորձագիտական շրջանակների կամ նախկին պաշտոնյաների մտահոգություններին։ Ըստ նրա՝ Իրանում կան մտահոգություններ TRIPP-ի ենթադրյալ անվտանգային բաղադրիչի վերաբերյալ։

«Իրանի մեր գործընկերները տեսել են, որ նման որևէ բան չի նախատեսվում ստորագրված փաստաթղթերում. այսօրվանն էլ կկարդան ու կտեսնեն, որ նման բան չկա։ Ենթակառուցվածքներն ամբողջությամբ լինելու են ՀՀ ինքնիշխանության ներքո, գործելու են ՀՀ իրավազորության ներքո»։

«Նույն Իրանի համար նույն TRIPP-ը հնարավորություններ է բերելու։ Չէ՞ որ Նախիջևանից մենք ենք կապվելու Իրանի երկաթուղային ցանցի հետ, մեր միջոցով նաև Իրանն է կարողանալու դուրս գալ, օրինակ, Սև ծով։ Եվ ստացվում է՝ TRIPP-ով Պարսից ծոց – Սև ծով երկաթուղային կապ է ստեղծվում»։

Միրզոյանը նշել է, որ նույնը կարող է ասել նաև ՌԴ-ի մասին, և որ պաշտոնական մակարդակով հետաքրքրություն են ցուցաբերել ՌԴ-ից՝ TRIPP-ի նկատմամբ, ու մասնակցություն են ցանկանում ունենալ։

Leave a Comment