Փետրվարի 7-ից մայիսի 19-ը ընտրական հանցագործությունների վերաբերյալ քրեական վարույթների շրջանակում տարբեր ենթադրյալ հանցանքների կատարման կասկածանքով ձերբակալվել է 86 անձ, հայտնել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։
Գործով անցնող անձինք ներգրավված են 57 քրեական վարույթում, ընդ որում՝ նրանցից 94-ի նկատմամբ արդեն հարուցվել է քրեական հետապնդում։
Գերատեսչության տվյալներով՝ մասնավորապես 5 մեղադրյալի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, իսկ 49 անձի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը կամ տնային կալանքը։ Եվս 38 անձի նկատմամբ կիրառվել են այլընտրանքային խափանման միջոցներ։
Առկա վարույթներով հարցաքննվել է ավելի քան 200 անձ, ինչպես նաև խուզարկություններ են իրականացվել մի շարք գրասենյակներում։
Այս պահի դրությամբ 7 վարույթով նախաքննությունը՝ 22 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ, արդեն հանձնվել է հսկող դատախազին՝ դատարան ուղարկելու նպատակով։
Բացի այդ, ՀԿԿ-ից հայտնել են նաև Սյունիքի մարզի Գորիս համայնքում «Ուժեղ Հայաստան» դաշինքի տարածքային պատասխանատուի կողմից ենթադրյալ ընտրակաշառք տալու գործի շրջանակում իրականացված խուզարկությունների մասին։ Քննության վարկածով՝ նա ընտրողներին խոստացել և փոխանցել է դրամական միջոցներ՝ կուսակցության օգտին քվեարկելու դիմաց։
Մարտի 30-ից իրավապահները դաշինքի ներկայացուցիչներին մեղադրում են բարեգործության մասին օրենքը խախտելու և կաշառք տալու մեջ։ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունից հայտնում են ավելի քան 300 ձերբակալվածի մասին՝ կատարվողը որակելով որպես քաղաքական ճնշում ընտրություններից առաջ և բացառելով ընտրակաշառքի կիրառումը։ Կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանի խոսքով՝ գործերի մեծ մասը դատարաններում հաստատում չի գտնում։
