Ինչպես հայտնում է իսպանական Marca պարբերականը, Մադրիդի «Ատլետիկոյի» արգենտինացի հարձակվող Խուլիան Ալվարեսը չի պատրաստվում նոր պայմանագիր կնքել ներկայիս ակումբի հետ, համաձայն որի՝ նա կդառնար թիմի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը։ Ալվարեսի նպատակը «Բարսելոնա» տեղափոխվելն է։
Ֆուտբոլիստին չի անհանգստացնում այն փաստը, որ «Ատլետիկոյում» նա գլխավոր աստղն է, իսկ «Բարսելոնայի» ճամբարում ստիպված կլինի բավարարվել Լամին Յամալի, Ռաֆինյայի և մյուսների «օգնականի» կարգավիճակով։ Խուլիանը ցանկանում է միանալ ավելի հավակնոտ նախագծի, քան այն, ինչ նրան առաջարկում է մադրիդյան ակումբը։ Ակնհայտ է, որ «Բարսելոնայի» կազմում Ալվարեսը տիտղոսներ նվաճելու ավելի մեծ հնարավորություններ կունենա։
Այնուամենայնիվ, արգենտինացու հնարավոր տրանսֆերն «Ատլետիկոյից» «Բարսելոնա» այնքան էլ հեշտ չի լինի։ Մադրիդյան ակումբը ֆուտբոլիստի դիմաց կպահանջի առնվազն 150 միլիոն եվրո։ «Ատլետիկոյում» չեն հավատում, որ կատալոնական ակումբն ի վիճակի է նման գումար վճարել։ Սա կարող է թույլ տալ «Ատլետիկոյին» պահպանել 26-ամյա հարձակվողին։