«Հայաստան» դաշինքի նախկին պատգամավոր և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորության թեկնածու Արեգնազ Մանուկյանը մեկնաբանել է մամուլում տարածված լուրերը, թե ինքը ևս անցնում է ԲՀԿ նախընտրական ցուցակի երկրորդ համար Անդրանիկ Թևանյանի գործով։
«Իրավապահներին հայտնում եմ, որ իրենք սխալ ուղղությամբ են գնում, որովհետև ես ոչ թե լրտես կամ դավաճան եմ, այլ՝ ահաբեկիչ։ Տարիներ շարունակ ամենօրյա ռեժիմով ահաբեկում եմ Նիկոլ Փաշինյանի, ՔՊ-ական կատարածուների և մի կին ատամնատեխնիկի անդորրը»,- Facebook-ում գրել է Մանուկյանը։
Նա հեգնանքով շարունակել է, որ «Մայր Հայաստան» կուսակցության գրասենյակում խուզարկության ժամանակ հայտնաբերված Մանուկյանների ընտանիքի տոհմածառը կարող էին համարել «ահաբեկչական ծրագրի» մաս։
«Այնտեղ նշված իմ նախնիններն էլ հավակնում են ապագա վարչապետերի, նախարարների, պատգամավորների, բայց ոչ այն մի կին ատամնատեխնիկի պաշտոններին»,- հայտարարել է նա։
Մանուկյանը տեղի ունեցածն անվանել է «մարազմ» և «կատարյալ կապիկություն»՝ հավելելով. «…դեղերը տեղ հասցրեք կամ դոզան փոխեք, արդեն դրանց ազդեցությունն էլ չի օգնում»։
Նա քաղաքացիներին կոչ է արել մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին և Թևանյանին անվանել է քաղբանտարկյալ։
Ավելի վաղ «Հրապարակ»-ը գրել էր, որ, ըստ իրավապահների վարկածի, հենց Մանուկյանն է «Ռուսաստան – Կովկաս» կենտրոնի տնօրենին փոխանցել 2024 թվականի ապրիլին տեղի ունեցած՝ սահմանազատման հարցով Ազգային ժողովի փակ նիստի լսումների տեղեկատվությունը, ինչն էլ դարձել է լրտեսության և պետական դավաճանության մեղադրանքների պատճառ։ Թերթի տվյալներով՝ նախկին պատգամավորի նկատմամբ արդեն քայլեր են ձեռնարկվում քրեական հետապնդում սկսելու ուղղությամբ։
Թևանյանի նկատմամբ գործողություններն սկսվել էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ նրա դեմ պետական դավաճանության հոդվածով քրեական գործ հարուցելու մասին արված հայտարարությունից մեկ օր անց։ Քննչական կոմիտեն մայիսի 21-ին հայտնել էր Թևանյանի նկատմամբ պետական դավաճանության և լրտեսության փաստով քրվարույթ նախաձեռնելու մասին, մայիսի 23-ին վերջինս երկու ամսով կալանավորվել էր։
Փաստաբան Արամ Օրբելյանը նշել էր, որ Թևանյանի դեմ առաջադրված մեղադրանքում պետական գաղտնիք հավաքելու կամ փոխանցելու դրվագ չկա։
