Եղե՛ք այնպիսին, ինչպիսին կաք․ Գվարդիոլան դիմել է «Մանչեսթեր Սիթիի» ապագա մարզչին

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան դիմել է թիմի ապագա մարզչին, ով կփոխարինի իրեն այդ պաշտոնում։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ իսպանացի մասնագետը կլքի գլխավոր մարզչի պաշտոնը ակումբում 10 տարի աշխատելուց հետո։

«Երբ ակումբն ինձ հայտնի իմ իրավահաջորդի անունը, ես անպայման կզանգահարեմ նրան և խորհուրդ կտամ մնալ այնպիսին, ինչպիսին կա։ Ակումբը նրան անվերապահորեն կաջակցի, և դա ամենամեծ գնահատականն է։ Այստեղ աշխատած բոլոր մարզիչների բախտը բերել է, որ ունեցել են Չիկիին, իսկ այժմ նաև Ուգոյին, Ֆերանին ու հատկապես Խալդունին։

Եղե՛ք այնպիսին, ինչպիսին կաք, և դժվար պահերին դա ձեզ կպաշտպանի ավելի շատ, քան ցանկացած այլ ակումբում։ Եղե՛ք ազատ ձեր գաղափարներում, եկե՛ք այստեղ ու անդադար աշխատեք։ Երբ մենք նոր էինք եկել, թիմ էինք կառուցում, և իմ նշանաբանը միշտ եղել է մեկը՝ «Հաղթի՛ր այս խաղում»։ Պրեմիեր լի՞գա, թե՞ Լիգայի գավաթ․ պարզապես փորձիր հաղթել, տես՝ ինչ կստացվի, և շարժվիր առաջ։ Սա լավագույն ճանապարհն է։ Ճանաչելով այստեղի մարդկանց՝ գրեթե վստահ եմ, որ այդպես էլ կլինի։ Ամեն ինչ լավ է լինելու. միանշանակ»,- Գվարդիոլայի խոսքերն է փոխանցում «Մանչեսթեր Սիթիի» պաշտոնական կայքը։

Հիշեցնենք, որ 55-ամյա Խոսեպ Գվարդիոլան «Մանչեսթեր Սիթիում» անցկացրած 10 տարիների ընթացքում ակումբի հետ նվաճել է 20 տիտղոս, որոնց թվում՝ Անգլիայի Պրեմիեր լիգայի 6 չեմպիոնություն, Չեմպիոնների լիգայի գավաթը և այլն։

Leave a Comment