Ամերիկյան հեռուստատեսային ցանցի՝ HBO-ի հանրահայտ Euphoria (Էյֆորիա) սերիալի երրորդ եթերաշրջանի 7-րդ էպիզոդում, որի պրեմիերան կայացել է ապրիլին, հնչել է հայերեն խոսք և ցուցադրվել է հայկական դրոշը, գրել է The Armenian Report կայքը։
Ամերիկահայ դերասան Ջեք Թոփալյանը ֆիլմում մարմնավորել է հայ գործարարի կերպար։
Թոփալյանի խոսքով՝ HBO-ի խոշոր նախագծերից մեկում հայկական խորհրդանիշների և կերպարի ներառումը կարևոր քայլ է համաշխարհային մեդիաարտադրությունում հայկական մշակույթի ճանաչելիության բարձրացման տեսանկյունից։ Ըստ Թոփալյանի՝ էպիզոդում տեղ գտած հայկական մշակութային տարրերը, հայերենի կիրառումն ու եռագույնի պատկերումը մեծ ուշադրության են արժանացել աշխարհասփյուռ հայ հանդիսատեսի շրջանում։
Սյուժետային այս զարգացումը կապված է գլխավոր հերոսներից մեկի՝ Նեյթ Ջեյքոբսի պատմության մեջ նոր հայ կերպարի ներգրավման հետ։
Թոփալյանը ավելի վաղ նույն կայքին տված հարցազրույցում պատմել էր նախագծին միանալու մասին։ Դերասանն այս աշխատանքն անվանել է մեծ ձեռքբերում իր կարիերայում և ընդգծել միջազգային հեռուստատեսությունում հայկական ներկայացվածության կարևորությունը։ Դերասանն ասել է, որ Euphoria-ում դեր ստանալն իր՝ տարիների աշխատանքի գնահատականն է, և որ Հոլիվուդում կարիերա ստեղծելուն զուգահեռ միշտ կապված է մնում իր հայկական արմատներին։
