ԱՄՆ-ի և Իրանի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ առաջընթացը դանդաղել է, քանի որ կողմերը չեն կարողանում համաձայնության գալ Թեհրանի միջուկային ծրագրի կամ Իսլամական Հանրապետության դեմ պատժամիջոցների մեղմացման վերաբերյալ, հայտնում է The Wall Street Journal (WSJ)-ը՝ հղում անելով աղբյուրներին։
WSJ-ի տվյալներով՝ համաձայնագրի հավանականության վերաբերյալ նախնական հաղորդագրություններից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կուսակցության մարտական տրամադրված անդամները մտահոգություն են հայտնել, որ համաձայնագիրը կմեղմի Իրանի վրա ֆինանսական ճնշումը, բայց որևէ փոփոխություն չի առաջացնի Իսլամական Հանրապետության միջուկային ծրագրում։
WSJ-ն նշում է, որ ամերիկյան կողմը փորձում է նախապես Թեհրանից հստակ երաշխիքներ ստանալ իր միջուկային ծրագրի վերաբերյալ, մինչդեռ Իրանը պնդում է, որ Վաշինգտոնն ավելի կոնկրետ ուրվագծի Իսլամական Հանրապետության վրա պատժամիջոցների ճնշման մեղմացումը։ Սպիտակ տունը վախենում է, որ պատժամիջոցների մեղմացման երաշխիքից հետո իրանցի պաշտոնյաները կհետաձգեն միջուկային ծրագրի լուծումը։
Թերթը նաև նշում է, որ Պարսից ծոցի երկրները, այդ թվում՝ Սաուդյան Արաբիան և ԱՄԷ-ն, պնդում են, որ հուշագրում հստակորեն ներառվի Հորմուզի նեղուցով նավարկության ազատության մասին դրույթ: Իսրայելը, իր հերթին, ճնշում է գործադրում Միացյալ Նահանգների վրա՝ Իրանի համար ավելի խիստ համաձայնագրի շուրջ բանակցելու համար։
Այսօր ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ Իրանի պատվիրակությունը ժամանել է Դոհա՝ ԱՄՆ-ի հետ համաձայնագիրը քննարկելու։ Axios-ը հայտնել էր, որ ԱՄՆ-ն ու Իրանը մոտ են 60-օրյա հրադադարի համաձայնագիր կնքելուն։
Մայիսի 23-ին ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ Իրանի հետ ապագա համաձայնագրի նախագիծը ընդհանուր առմամբ համաձայնեցված է: Նա հայտնել էր, որ հեռախոսազրույց է ունեցել Բահրեյնի, Եգիպտոսի, Հորդանանի, Կատարի, ԱՄԷ-ի, Պակիստանի, Սաուդյան Արաբիայի և Թուրքիայի ղեկավարների հետ և նրանց հետ քննարկել է Իրանի հետ խաղաղության համաձայնագրի շրջանակներում փոխըմբռնման հուշագրի նախագիծը: Ավելի ուշ ԱՄՆ նախագահը պարզաբանել էր, որ ԱՄՆ-ն և Իրանը դեռևս վերջնական համաձայնությունների չեն հասել մի շարք հարցերի շուրջ:
