Բաքվում ինչո՞ւ են «անհանգստացել Փաշինյանի մսաղացից»




1in.am  Արևմուտքը ծափահարում է, մինչ Փաշինյանը նախընտրական մսաղաց է կիրառում։ Հայաստանի ներքաղաքական իրավիճակը այսպես է բնութագրել Բաքվի minval politika իշխանական կայքը։ Հրապարակումը կառուցված է Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ եվրոպական կառույցների կիրառած «երկակի ստանդարտների թեզի» հիման վրա, և հեղինակի «հիմնական ասելիքը» առերևույթ այն է, որ Արևմուտքը «միշտ աչք է փակել Հայաստանում քաղաքական բռնությունների վրա, իսկ Ադրբեջանին քննադատել և քննադատում» է։


 


Այդ նարատիվը նորություն չէ, Բաքվում Արևմուտքի «կողմնակալ վերաբերմունքից» միշտ են դժգոհել։ Դա ոչ միայն արտաքին, այլև ներքաղաքական կարեւորություն ունի հատկապես քառասունչորսօրյա պատերազմից հետո, երբ Ալիևը հանրությանը ներշնչոում է, որ «հաղթել է և Հայաստանին, և նրա հովանավորներին»։


 


Արտառոց է, որ «ընդդիմության դեմ Փաշինյանի կազմակերպած մսաղացի» մասին ադրբեջանական լրատվամիջոցը ծավալուն հրապարակում է արել մի փուլում, երբ նույն ուժերի հանդեպ «համակրանքի» մասին անթաքույց հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Պեսկովը։


 


Ստացվում է չափազանց ուշագրավ պատկեր, Հայաստանի եվրակողմնորոշմանը միաժամանակ դեմ են Ռուսաստանը, հայաստանյան ընդդիմությունը և Ադրբեջանը։ Ընդսմին, Հայաստանի ընդդիմությունը, նրա շահերը սպասարկող մամուլը և փորձագետները ներշնչում են, որ «քվեարկել Փաշինյանի օգտին, նշանակում է քվեարկել Ալիևի օգտին»։


 


Դատելով minval politika-ի հրապարակումից, հայաստանյան ընդդիմության այդ քարոզչությունը առնվազն արժանահավատ չէ։ Ճիշտ չէր լինի, թերևս, եզրակացնել, թե Ալիևին ձեռնտու է, որ «ռևանշիստները» գան իշխանության, բայց գրեթե ստույգ է, որ նա ամեն ինչ արել և անելու է, որպեսզի Հայաստանը իր անվտանգային միջավայրը չբարելավի, չհասնի տնտեսական և կոմունիկացիոն դիվերսիֆիկացիայի։


 


Այս առումով Մոսկվայի և Բաքվի դիրքորոշումը գրեթե նույնական է։ Ադրբեջանը, ընդսմին, հետևողականորեն հրաժարվում է Ռուսաստանի հովանու ներքո անվտանգային և տնտեսական կառույցներին անդամակցել, բայց նրան սկզբունքորեն ձեռնտու է, որ Հայաստանը «մնա Ռուսաստանի ֆորպոստ»։


 


Ադրբեջանի արտաքին գործերի նախկին նախարար Զուլֆուգարովը կրկին անդրադարձել է TRIPP նախագծին Բաքվի «ուղղակի ներգրավվածության անհրաժեշտությանը»։ Նրա կարծիքով, «խորհրդային շրջանում Մեղրիի երկաթուղին որպես կոմունիկացիոն ենթակառուցվածք պատկանել է Ադրբեջանին»։ Այդ հատվածի նկատմամբ Հայաստանի ինքնիշխանության հաստատումը փակում է նաև Սյունիքի «վիճելի տարածքի» հարցը։ Հայաստանի ընդդիմությունը առաջադրում է «խաղաղության պայմանագրի վերաբանակցման» նպատակ։ Գուցե դրա՞ համար են Բաքվում «Փաշինյանի մսաղացից անհանգստացած»։


 


 


Leave a Comment