Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը Armenia Today-ի «Խոսում ենք գլխավորի մասին» հաղորդման եթերում հայտարարել է, որ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավում իշխանությունն ընտրել է կոշտ և հակադրության վրա հիմնված մարտավարություն իսկ առաջիկա շաբաթները, նրա գնահատմամբ, կարող են դառնալ քաղաքական պայքարի ամենաթեժ փուլը։
Մասնագետի կարծիքով՝ քարոզարշավի վերջին երկու շաբաթում ավելի կկոշտտնան պայքարը, փոխադարձ կոմպրոմատները և «սև PR»-ի ակտիվացումը։
«Եթե դու կոմպրոմատային պատերազմ ես սկսում, ապա դու բացում ես ինչ-որ պանդորայի արկղ և չեմ կարծում, որ բոլորն անթերի են։ Այսօրվա ընդդիմությունը, երեկվա, մինչև 18 թվականի իշխանությունն էր, ինքն էլ երևի թե ինչ-որ նյութեր ունի, ասենք թե, այն ժամանակվա ընդդիմության վրա, իսկ այն ժամանակվա ընդդիմությունը նաև այսօրվա իշխանավորներն են»,- նկատել է քաղտեխնոլոգը։
Իշխանությունը, ըստ Հակոբյանի, ընտրարշավում ավելի շատ հանդես է գալիս «ընդդիմության դիրքերից», ոչ թե որպես գործող իշխանություն։ Նրա գնահատմամբ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է օգտագործել 2018-ից պահպանված քաղաքական խոսույթը՝ «նախկիններ», «պատերազմի ուժեր» և նմանատիպ շեշտադրումներով։
«Առաջին իսկ րոպեից հենց Փաշինյանը պաշտոնապես մտավ քարոզարշավ, որդեգրեց հենց այդ մարտավարությունը։ Կարծես թե ինքը չէր եղել երեք տարի իշխանություն, կարծես թե ինքը չէր ըստ էության իր գործողություններով հասցրել վիճակը պատերազմականի, պարտվել պատերազմը և այլն, և այլն»,- նշել է նա։
Վերլուծաբանի կարծիքով՝ քարոզարշավի երկրորդ շաբաթից Փաշինյանի խոսույթը դարձել է ավելի կոշտ և վիրավորական՝ փողոցային արձագանքներից ու մարզային այցերից հետո։
«Փաշինյանի այս նյարդը նաև նրանից է, որ գյուղերում, որտեղ ինքը «մոնոպոլիա» ունի, նույն Գագիկ Ծառուկյանը և «Ուժեղ Հայաստանը» տանում են։ Եթե քաղաքում չի կարողանում ձայներ վերցնի, գյուղերում համարվում էր, որ ուժեղ է։ Հիմա գյուղերից կորուստներ է ունենում»,- պարզաբանել է նա։
Հակոբյանը համոզմունք է հայտնել, որ իշխանության հիմնական մարտավարական խնդիրը բարձր մասնակցություն թույլ չտալն է, քանի որ մեծ մասնակցությունը կարող է իշխանության համար խնդիրներ ստեղծել։ Նրա խոսքով՝ ընտրություններին չմասնակցելը փաստացի նպաստում է գործող իշխանության վերարտադրմանը։
«Նրա տակտիկան հենց դրանից է բխում՝ ամեն ինչ անել, որպեսզի մարդիկ «խրտնեն» այս ընտրություններից, այս գաղափարից, մարդիկ չգնան ուղղակի ընտրությունների։ Նա ամեն ինչ անում է, որպեսզի անլրջացնի պրոցեսը, այնքան գրեհկացնի, որպեսզի ապատիայի մեջ գտնվող, չկողմնորոշված մարդիկ, որոնք որոշել են այս անգամ գնալ, զզվեն ամեն ինչից»,- պարզաբանել է Հակոբյանը։
Նա առանձնացրել է մասնակցության ցուցանիշը որպես ընտրությունների գլխավոր գործոն՝ նշելով, որ 55%-ից բարձր մասնակցությունը կարող է էական ազդեցություն ունենալ արդյունքների վրա։
Փորձագետի խոսքով՝ տարբեր սոցիոլոգիական հարցումների միջև մեծ տարբերություններ կան, սակայն գրեթե բոլորի մեջ համընկնում է մասնակցության կանխատեսվող բարձր մակարդակը՝ մոտ 57-60%։
«Եթե մասնակցությունը բարձր է լինելու, ես համարում եմ 55-ից ավել տոկոս, ապա Նիկոլ Փաշինյանի քաղաքական ուժի պրոբլեմները ավելի քան կարող են նաև կրիտիկականի մոտենալ»,- ասել է Հակոբյանը։
Հակոբյանը ընտրողներին խորհուրդ է տվել ուշադրություն դարձնել ոչ միայն թեկնածուի ասածին, այլև նրան, թե «ով է ասում»՝ գնահատելով քաղաքական ուժերի նախորդ գործունեությունն ու արդյունքները։
«Ընտրազանգվածը, ով փորձում է հասկանալ ում ընտրել, պետք է նայի, թե խաղաղության մասին խոսողն ով է, եթե ինչ-որ մեկը անվտանգության մասին է ասում, ի՞նչ է արել և ի՞նչ կարող է անել, եթե ինչ-որ մեկը օրինակ խոսում է տնտեսության կամ արդյունաբերության մասին, ո՞վ է ասում»,- պարզաբանել է Հակոբյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
