Հայաստանում տեսողության խնդիրներ ունեցող քաղաքացիների համար ևս ընտրական գործընթացը հասանելի է։ Ընտրատեղամասերում կիրառվող բրայլյան կաղապարները հնարավորություն են տալիս նրանց քվեարկել ինքնուրույն, գաղտնի և առանց այլ անձի օգնության։
Ընտրության օրը քաղաքացին, հասնելով ընտրատեղամաս մոտենում է հանձնաժողովի անդամին և խնդրում տրամադրել քվեաթերթիկները բրայլյան կաղապարի մեջ։ Եթե ընտրություններին մասնակցող կուսակցությունների և դաշինքների թիվը մեծ է, ընտրողին կարող են տրամադրվել մի քանի կաղապարներ։ Այս պարագայում՝ քանի որ ընտրություններին մասնակցող կուսակցությունների և դաշինքների թիվը 19 է, նրան տրամադրվում է երկու կաղապար։
Բրայլյան կաղապարը գորշ թղթապանակ է, այն ունի էջեր և աջ կողմում փոքր դուրս եկած հատվածներ, ելուններ: Յուրաքանչյուր ելուն ցույց է տալիս կուսակցության համարը: Թիվը նշված է բրայլով և շոշափելի թվով:
Քաղաքացին շոշափելով կամ հաշվելով գտնում է նախընտրած քաղաքական ուժի համարը, բացում համապատասխան էջը և վերցնում նույն համարով քվեաթերթիկը։ Այնուհետև ընտրած քվեաթերթիկը դրվում է ծրարի մեջ՝ առանց ծալելու, իսկ մնացած քվեաթերթիկները գցվում են հատուկ նախատեսված արկղի մեջ։
Օգտագործումից հետո բրայլյան կաղապարը վերադարձվում է հանձնաժողովին, քանի որ այն նախատեսված է բազմակի օգտագործման համար։ Դրանից հետո քաղաքացին մոտենում է քվեատուփին և ծրարը գցում դրա մեջ՝ քվեարկելով ինքնուրույն և գաղտնի։