Iravaban.net-ը ուսումնասիրել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման e-draft.am հարթակում հանրային քննարկման ներկայացված՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից մշակված «Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի նոյեմբերի 14-ի N 1614-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» կառավարության որոշման նախագիծը, որով նախատեսվում է ամբողջությամբ թվայնացնել տարեց կամ հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի ծառայությունների տրամադրման գործընթացը՝ այն կազմակերպելով միասնական տեղեկատվական համակարգի միջոցով։
Միջոցառման իրականացման անհրաժեշտությունը և նպատակը, առկա խնդիրների առաջարկվող լուծումները
Նախագծի մշակումը պայմանավորված է «Սոցիալական աջակցության մասին» օրենքի ընդունմամբ և դրան համապատասխան խնամքի ծառայությունների տրամադրման ընթացակարգերի արդիականացման անհրաժեշտությամբ։
Գործող կարգավորումներով խնամքի ծառայությունների ստացման գործընթացը ներառում է մի շարք վարչարարական գործողություններ և փաստաթղթային ընթացակարգեր, որոնք լրացուցիչ ծանրաբեռնվածություն կարող են առաջացնել խնամք հայցող անձանց և նրանց ընտանիքների համար։
Նախագիծը նպատակ ունի խնամքի տրամադրման ամբողջ գործընթացը կազմակերպել թվային միջավայրում՝ «Խնամքի ծառայությունների հերթագրման, հերթերի կառավարման և ուղեգրման տեղեկատվական» ենթահամակարգի միջոցով, որը հանդիսանալու է սոցիալական պաշտպանության միասնական տեղեկատվական համակարգի մաս։
Առաջարկվող կարգավորումներով նախատեսվում է՝
- խնամքի ծառայությունների ստացման դիմումները ներկայացնել բացառապես առցանց եղանակով՝ www.e-social.am հարթակի միջոցով,
- դիմումների հերթագրումը, տնայցերի կազմակերպումը, որոշումների կայացումը և ուղեգրումը իրականացնել միասնական տեղեկատվական համակարգով,
- պետական մարմինների տեղեկատվական շտեմարաններից տվյալների ստացումը կազմակերպել ինքնաշխատ եղանակով,
- նվազեցնել քաղաքացիներից պահանջվող փաստաթղթերի քանակը,
- դիմումատուին հնարավորություն տալ անձնական օգտահաշվի միջոցով հետևելու դիմումի ամբողջ ընթացքին,
- սահմանել դիմումների մշակման, վերախմբագրման և մերժման հստակ ժամկետներ ու կարգավիճակներ,
- ապահովել դիմումների և շահառուների տվյալների ավտոմատ թարմացում ու կառավարում։
Միաժամանակ, անհրաժեշտություն է առաջացել գործող կարգավորումները համապատասխանեցնել նոր ընդունված «Սոցիալական աջակցության մասին» օրենքին և ապահովել սոցիալական ծառայությունների առավել հասցեական ու հասանելի տրամադրում։
Փոփոխությունների հիմքում նաև պետական տեղեկատվական համակարգերի փոխգործելիության ընդլայնման անհրաժեշտությունն է, որպեսզի տարբեր գերատեսչությունների տվյալները ստացվեն ինքնաշխատ եղանակով՝ առանց քաղաքացուց հավելյալ փաստաթղթեր պահանջելու։
Ի՞նչ է ապահովում առաջարկվող մոտեցումը
Առաջարկվող մոտեցումը հնարավորություն կտա խնամքի ծառայությունների տրամադրման գործընթացը դարձնել առավել արագ, թափանցիկ և կանխատեսելի։
Դիմումատուները կկարողանան առցանց ներկայացնել դիմումները, ստանալ ծանուցումներ, հետևել դիմումի կարգավիճակին և ստանալ ուղեգրերը՝ առանց բազմակի այցելությունների և փաստաթղթային շրջապտույտի։
Նախագիծը նաև նախատեսում է հերթերի կառավարման միասնական մեխանիզմ, որի շրջանակում հաշվի են առնվելու տրամադրվող խնամքի ձևը, անկողնային շուրջօրյա խնամքի անհրաժեշտությունը, հոգեկան և վարքային խանգարումների առկայությունը, ինչպես նաև շահառուի սեռը։
Ինքնաշխատ եղանակով ներկայացված հարցմամբ՝
- 1) ՆԳՆ բնակչության պետական ռեգիստրի տեղեկատվական շտեմարանի միջոցով ստացվում են խնամք հայցող անձի կամ նրա օրինական ներկայացուցչի անվան, ազգանվան, ՀԾՀ վերաբերյալ, ՀՀ քաղաքացի, Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր, մշտական կամ հատուկ կացության կարգավիճակ ունեցող օտարերկրյա քաղաքացի կամ քաղաքացիություն չունեցող անձ, օրենքներով նախատեսված դեպքերում՝ Հայաստանում փախստականի կարգավիճակ ունեցող կամ ապաստան հայցող անձ հանդիսանալու վերաբերյալ տեղեկատվությունը.
- 2) ՊԵԿ կողմից վարվող «Եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման» համակարգի տեղեկատվական շտեմարանի միջոցով ստացվում է խնամք հայցող անձի՝ դիմումը ներկայացնելու օրվա դրությամբ աշխատող կամ քաղաքացիաիրավական պայմանագրի հիման վրա ծառայություններ մատուցող լինելու վերաբերյալ տեղեկատվությունը.
- 3) Արդարադատության նախխարարության ՔԿԱԳ տեղեկատվական շտեմարանի միջոցով ստացվում է խնամք հայցող անձի մահվան վերաբերյալ տեղեկատվությունը.
- 4) էլեկտրոնային առողջապահության համակարգի տեղեկատվական շտեմարանի միջոցով ստացվում է դիմումը ներկայացնելու օրվա դրությամբ շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդության, հոգեկան և վարքային այլ խանգարումների առկայության վերաբերյալ տեղեկատվությունը.
- 5) լիազոր մարմնի «Փյունիկ», «Արցախ Փյունիկ» և «e-disability» համակարգերի տեղեկատվական շտեմարաններից ստացվում է հաշմանդամություն ունենալու մասին տեղեկատվությունը.
- 6) լիազոր մարմնի՝ «Ընտանիքի անապահովության գնահատման համակարգ»-ի (այսուհետ՝ ԸԱԳՀ) տեղեկատվական շտեմարաններից ստացվում է խնամք հայցող անձի՝ ԸԱԳՀ-ում հաշվառված լինելու և անապահովության աստիճանի վերաբերյալ տեղեկատվությունը։»
Ինքնաշխատ կերպով տվյալների ստացման անհնարինության դեպքում դիմողը ներբեռնում է անհրաժեշտ փաստաթղթերի լուսապատճենները, մասնավորապես
- 1) դիմումը խնամք հայցող անձի օրինական ներկայացուցչի կողմից լրացվելու դեպքում՝ օրինական ներկայացուցիչ լինելու փաստը հավաստող, ներառյալ՝ լիազորագրի (առանց նոտարական վավերացման) լուսապատճենը.
- 2) դիմումը խնամք հայցող անձի խնամակալի կողմից լրացվելու դեպքում՝ խնամք հայցող անձի՝ դատարանի կողմից անգործունակ ճանաչվելու մասին որոշման և խնամակալություն սահմանելու մասին խնամակալության և հոգաբարձության մարմնի որոշման լուսապատճենները․
- 3) առողջական վիճակի մասին՝ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի հրամանով հաստատված ձևի համաձայն և համապատասխան բժշկական հաստատության կողմից լրացված բժշկական փաստաթղթի լուսապատճենը, որը տրամադրվել է ներկայացման պահից ոչ ուշ, քան 3 ամսվա ընթացքում․
- 4) տնային պայմաններում խնամքի տրամադրման ծառայությունների դեպքում՝ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի հրամանով հաստատված ձևին համապատասխան ամբուլատոր բժշկական քարտից քաղվածքի լուսապատճենը։
Դիմումի ներկայացումից հետո անհրաժեշտ տվյալների՝ ինքնաշխատ կերպով համադրման և տվյալների ստացման, ինչպես նաև հավելյալ փաստաթղթերի կցված անհրաժեշտ փատաերի առկայության դեպքում ակտիվանում է դիմումի՝ «Մշակվում է» կարգավիճակը: Տարածքային կենտրոնի համապատասխան աշխատողի կողմից դիմումը հաստատելուց հետո ակտիվանում է դիմումի՝ «Ենթակա է տնայցի» կարգավիճակը:
Թերի կամ սխալ կցված փաստաթղթերի հայտնաբերման դեպքում դիմումատուին տրամադրվում է լրացուցիչ երեք աշխատանքային օր՝ շտկում իրականացնելու համար: Սույն կետում նշված ժամկետը հաշվարկվում է դիմումը վերախմբագրման վերադարձվելու վերաբերյալ ծանուցումը ստանալու պահից: Դիմումը տարածքային կենտրոնի կողմից կարող է վերադարձվել վերախմբագրման միայն մեկ անգամ, կրկնակի վերախմբագրման հնարավորություն համակարգում առկա չէ։ Եթե նշված ժամկետում անհրաժեշտ շտկումները չեն կատարվում, կամ ներբեռնված փաստաթղթերը կրկին սխալ կամ թերի են ներբեռնվում, ապա ակտիվանում է դիմումի՝ «Մերժված է» կարգավիճակը: Դիմումի՝ «Մերժված է» կարգավիճակն ակտիվանում է նաև դիմումի ներկայացումից հետո իրականացված ինքնաշխատ ստուգումների կամ «Մշակվում է» կարգավիճակում իրականացված ստուգումների հիման վրա մերժման հիմք ունենալու դեպքում, ինչպես նաև տնայցի շրջանակում իրականացված կարիքի գնահատման արդյունքում ինքնաշխատ ձևավորված՝ խնամքի տրամադրումը մերժելու վերաբերյալ որոշման հիման վրա: Ցանկացած հիմքով «Մերժված է» կարգավիճակի ակտիվացումն ուղեկցվում է մերժման պատճառների վերաբերյալ պարտադիր նշմամբ:
Խնամքի համար ներկայացված դիմումի՝ «Ենթակա է տնայցի» կարգավիճակի ակտիվացումից հետո տասն աշխատանքային օրվա ընթացքում տարածքային կենտրոնի սոցիալական աշխատողը կատարում է տնայց՝ խնամք հայցող անձի կամ նրա ընտանիքի սոցիալական կարիքների գնահատման նպատակով, որի արդյունքում ինքնաշխատ կերպով ձևավորվում է համապատասխան եզրակացություն՝ խնամքի տրամադրումը մերժելու մասին:
Խնամք հայցող անձին խնամքի տրամադրման վերաբերյալ որոշման առկայության դեպքում ակտիվանում է «Հերթացուցակում գտնվող» կարգավիճակը և խնամք հայցող անձն ինքնաշխատ կերպով հաշվառվում է համապատասխան հերթացուցակում՝ ըստ դիմումների ստացման օրվա, ժամի և րոպեի՝ միաժամանակ հաշվի առնելով՝
- տրամադրման ենթակա խնամքի ձևը.
- անկողնային շուրջօրյա խնամք պահանջող ծառայության անհրաժեշտությունը.
- հոգեկան և վարքային այլ խանգարումների առկայությունը.
- սեռը։
Ազատ տեղերի առկայության վերաբերյալ ինքնաշխատ կերպով տեղեկատվության ստացման դեպքում համապատասխան հերթացուցակում առաջին համարը զբաղեցնող խնամք հայցող անձը ծանուցվում է այդ մասին անձնական օգտահաշվի և էլեկտրոնային հասցեի միջոցով, և ինքնաշխատ կերպով ձևավորվում է տվյալ անձի ուղեգիրը, որը փոխանցվում է խնամք հայցող անձի անձնական օգտահաշվին՝ միաժամանակ ծանուցում ուղարկելով համապատասխան կազմակերպությանը։ Ուղեգրի՝ ինքնաշխատ կերպով ձևավորումից և համապատասխան ծանուցումների ստացումից հետո ակտիվանում է «Ուղեգրված է» կարգավիճակը:
Միաժամանակ, սահմանվում է «Արտահերթ» կարգավիճակի տրամադրման և համապատասխան հերթացուցակներում հաշվառման կարգը և խնամք հայցող անձն ինքնաշխատ կերպով զբաղեցնում է հերթացուցակի՝ «Արտահերթ» կարգավիճակ ունեցողների շարքում հերթական համարը՝ ըստ արտահերթության կարգավիճակի սահմանման ամսաթվի:
Խնամք հայցող անձն ինքնաշխատ կերպով ձևավորված ուղեգիրը ստանալուց հետո յոթ աշխատանքային օրվա ընթացքում պետք է ներկայանա համապատասխան կազմակերպություն: Խնամք հայցող անձի կողմից կազմակերպություն ներկայանալու և վերջինիս հետ խնամքի ծառայությունների տրամադրման պայմանագիր կնքելու վերաբերյալ կազմակերպության կողմից համակարգում նշում կատարելու դեպքում դիմումը ստանում է «Ավարտված» կարգավիճակը: Եթե յոթ աշխատանքային օրվա ընթացքում խնամք հայցող անձը չի ներկայանում կազմակերպություն, և կազմակերպության կողմից համակարգում համապատասխան նշում չի կատարվում, ապա դիմումն ինքնաշխատ կերպով ստանում է «Մերժված է» կարգավիճակը։
Կազմակերպությունն ուղեգիրը ստանալուց հետո խնամք հայցող անձի կամ նրա օրինական ներկայացուցչի հետ կնքում է պայմանագիր՝ շուրջօրյա խնամքի տրամադրման վերաբերյալ՝ այդ մասին նշում կատարելով համակարգում, ինչի արդյունքում համակարգի՝ շահառուների տվյալների շտեմարանն ինքնաշխատ կերպով թարմացվում է՝ իր մեջ ներառելով նոր շահառուի տվյալները։
Խնամքի ծառայություն ստանալու համար դիմումի ներկայացման «Մերժված է» կարգավիճակ ստանալու դեպքերի բողոքարկումն իրականացվում է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքով սահմանված կարգով:
Ծանուցում. սույն նյութը պատրաստված է միայն իրավական իրազեկման նպատակով և չի հանդիսանում իրավաբանական խորհրդատվություն։ Կոնկրետ իրավիճակներում իրավաբանական խորհրդատվություն ստանալու համար կարող եք դիմել «ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերությանը։