Կոնգոյում ներխուժել են Էբոլայով հիվանդների բուժման կենտրոն. հնչել են կրակոցներ

Կոնգոյում ներխուժել են Էբոլայով հիվանդների բուժման կենտրոն. հնչել են կրակոցներ

Կիրակի երեկոյան երիտասարդների մի խումբ ներխուժել է Կոնգոյի հիվանդանոցներից մեկը, որտեղ բուժվում են Էբոլայով վարակված պացիենտները։

Սա ստիպել է բժշկական անձնակազմին հապշտապ տարհանել հիվանդներին։ Տարածքում կրակոցներ են հնչել։

Առայժմ հայտնի չէ՝ արդյոք որևէ մեկը տուժել է Մոնգբվալուի կենտրոնական հիվանդանոցի վրա կատարված հարձակման հետևանքով, սակայն հիվանդանոցի բժշկական տնօրեն դոկտոր Ռիչարդ Լոկուդուն «The Associated Press»-ին հայտնել է, որ հարձակվողները պահանջել են իրենց հանձնել երկու հարազատների դիերը։

Լոկուդուն հեռախոսով հայտնել է, որ տարածքում կրակոցներ են եղել, և բուժաշխատողները փորձում էին տարհանել պացիենտներին ու անձնակազմին։

«Մոնգբվալուի կենտրոնական հիվանդանոցում համընդհանուր տագնապ է հայտարարված»,- հավելել է նա՝ չհայտնելով այլ մանրամասներ զարգացող անկարգությունների մասին։

Այս հարձակումը, որն արդեն երրորդն էր մեկ շաբաթվա ընթացքում այնպիսի բուժհաստատությունների վրա, որտեղ բուժաշխատողները միջոցների սղության պայմաններում պայքարում են Էբոլայի կասկածանքով հիվանդների բուժման համար, ընդգծում է համաճարակի բռնկման հետ կապված մարտահրավերները։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) այս բռնկումը հայտարարել է միջազգային նշանակության հանրային առողջապահական արտակարգ իրավիճակ:

ԱՀԿ-ն հայտարարել է, որ բռնկումը Կոնգոյի համար ներկայացնում է «չափազանց բարձր» ռիսկ (նախկին «բարձր» մակարդակի փոխարեն), սակայն հիվանդության համաշխարհային տարածման վտանգը դեռևս ցածր է մնում։

Կիրակի ավելի վաղ Կոնգոյի կապի նախարարությունը X-ում հայտնել էր, որ առկա է Էբոլայի կասկածանքով 904 դեպք։ Իսկ Էբոլայից հավանական մահերի ընդհանուր թիվը կազմում է 119։

Leave a Comment