2026 թվականին՝ 2025 թվականի հաշվետու տարվա համար, եկամուտների տարեկան հայտարարագիր պետք է ներկայացնեն բոլոր այն ֆիզիկական անձինք, ովքեր հանդիսանում ՀՀ ռեզիդենտ և 2025 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ ՀՀ քաղաքացի են։ Բացառություն են միայն հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ անչափահաս քաղաքացիները։
2025 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ անչափահաս քաղաքացիները, ինչպես նաև նրանց փոխարեն ծնողը, խնամակալը կամ հոգաբարձուն չունեն հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն։ Բացառությամբ, երբ անչափահաս քաղաքացին հաշվետու տարվա ընթացքում ստացել է եկամուտ, օրինակ՝ բնակարանը վարձակալությամբ տրամադրելու կամ անկախ մասնագիտական գործունեություն իրականացնելու արդյունքում։ Այդ դեպքում՝ նրա փոխարեն եկամտային հարկի հաշվարկ-հայտարարագիրը ներկայացնում է ծնողը, խնամակալը կամ հոգաբարձուն։
Նաև խոսենք այն դեպքերի մասին, թե արդյո՞ք պետք է ներկայացնել հայտարարագիր, եթե հաշվետու տարվա ընթացքում աշխատել եք մի քանի ամիս։ Պատասխան դրական է։ Նույնիսկ եթե հաշվետու տարվա ընթացքում աշխատել եք մի քանի օր կամ մեկ ամիս, ապա պետք է ներկայացնեք եկամուտների տարեկան հայտարարագիր։ Ընդ որում, հայտարարագրում պետք է ներառել ամբողջ տարվա ընթացքում ստացած եկամուտները։
Եթե ՀՀ ռեզիդենտ ՀՀ քաղաքացի եք, բայց Հայաստանից աշխատում եք արտերկրում գտնվող ընկերությունում, այսինքն Ձեր աշխատավարձը ստանում եք արտերկրից, ապա պետք է ներկայացնեք հայտարարագիր։
2026 թվականից հայտարարագիր պետք է ներկայացնեն ՀՀ ռեզիդենտ և հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ ՀՀ քաղաքացի համարվող բոլոր ֆիզիկական անձինք, անգամ այն դեպքում, երբ հաշվետու տարվա ընթացքում չեք ստացել որևէ եկամուտ։
Եթե մինչև հայտարարագրի ներկայացման վերջնաժամկետը հայտարարագիր չեք ներկայացնում, ապա հարկային մարմինն այն նախալրացնում է ինքնուրույն՝ իր տեղեկատվական բազայում առկա տվյալների հիման վրա, և եկամուտների տարեկան հայտարարագիրը համարվում է հանձնված։
2025 թվականի հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը 2026 թվականի մարտի 2-ից նոյեմբերի 1-ն է, իսկ հաջորդ տարիների դեպքում՝ յուրաքանչյուր տարվա մարտի 2-ից հուլիսի 1-ն է։
Եթե նշված ժամկետում հայտարարագիր չեք ներկայացնում, ապա հարկային մարմնի կողմից, իր տեղեկատվական բազայում առկա տվյալների հիման վրա, նախալրացրած եկամուտների տարեկան հայտարարագիրը համարվում է հանձնված՝ առանց լրացուցիչ գործողությունների։ Իսկ եթե ցանկանում եք օգտվել սոցիալական ծախսերի փոխհատուցման հնարավորությունից, ապա էլեկտրոնային ստորագրությամբ հայտարարագիրը հաստատելը պարտադիր է։