ԱՄՆ-ն և Իրանը կարող են 60 օրով փոխըմբռնման հուշագիր ստորագրել, հաղորդում է Axios-ը։
«Երկու կողմերը կստորագրեն փոխըմբռնման հուշագիր, որը կգործի 60 օր և կարող է երկարաձգվել փոխադարձ համաձայնությամբ։ 60 օրվա ընթացքում Հորմուզի նեղուցը բաց կլինի առանց վճարովի նավերի անցման, իսկ Իրանը կհամաձայնի մաքրել նեղուցում տեղադրված ականները՝ նավերի անարգել անցումն ապահովելու համար», -գրում է պորտալը՝ հղում անելով ԱՄՆ պաշտոնյայի խոսքերին։
Համաձայնագիրը նաև նախատեսում է հրադադարի 60-օրյա երկարաձգում, սակայն Մերձավոր Արևելքում տեղակայված ամերիկյան ուժերը կմնան այնտեղ, մինչև Իրանի հետ վերջնական համաձայնագրի կնքումը։
Ակնկալվում է, որ Վաշինգտոնը կվերացնի իրանական նավահանգիստների շրջափակումը և որոշ պատժամիջոցներ, ինչը թույլ կտա Թեհրանին ազատորեն վաճառել նավթը: Պորտալի աղբյուրի խոսքով՝ ամերիկացիները նաև պատրաստ են քննարկել Իրանի ակտիվների ապասառեցման հարցը վերջնական համաձայնագրի ընդունումից հետո 60 օրվա ընթացքում:
Բացի դրանից, փաստաթուղթը ներառում է Իրանի պարտավորությունը չմշակել միջուկային զենք: Նախագծում նաև կոչ է արվում դադարեցնել Իսրայելի և լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման միջև զինված հակամարտությունը:
Նախօրեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Իրանի հետ համաձայնագիրը գրեթե ավարտված է։ Նա ասել է, որ կողմերը շարունակում են քննարկել վերջնական մանրամասները և շուտով կհայտարարեն դրանց մասին։