Ռուսաստանը «Օրեշնիկ»-ով հարվածել է Ուկրաինային. ԶԼՄ

Ռուսաստանը «Օրեշնիկ» գերձայնային հրթիռով հարվածել է Կիևի մարզին, այսօր հաղորդել են ուկրաինական երկու լրատվամիջոցներ՝ հղում անելով Ուկրաինայի ռազմաօդային ուժերի խոսնակին։

Ուկրաինայի ռազմաօդային ուժերը սոցիալական ցանցերում տարածած հայտարարության մեջ նշել են, որ Ռուսաստանը հարձակման ընթացքում արձակել է 600 անօդաչու թռչող սարք և 90 հրթիռ, և որ հրթիռներից մեկը միջին հեռահարության բալիստիկ հրթիռ է՝ առանց դրա անունը նշելու։

Ուկրաինական կողմն այսօր հաղորդեց, որ գիշերը Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում և հարակից շրջանում ռուսական հարձակման հետևանքով չորս մարդ է զոհվել:

Նախօրեին հաղորդվեց, որ Ուկրաինայի արևելքում գտնվող Ռուսաստանի կողմից օկուպացված քաղաքի քոլեջի վրա ուկրաինական օդուժի հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 10-ի: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դատապարտել էր Ստարոբիլսկի քոլեջի հանրակացարանի վրա հինգշաբթիից ուրբաթ գիշերը տեղի ունեցած անօդաչու թռչող սարքերի հարձակումը և հրամայել բանակին պատրաստվել պատասխան գործողությունների։

Այս հայտարարությունից հետո Ուկրաինայի նախագահը հղում անելով ուկրաինական, ամերիկյան և եվրոպական հետախուզական տվյալներին՝ ասաց, որ Ռուսաստանը պատրաստվում է «Օրեշնիկ» հրթիռով հարված հասցնել Ուկրաինային:

Leave a Comment