Անհրաժեշտությունը
Սույն նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետությունում պողպատե ամրանների շուկայի կայունության ապահովման, տեղական արտադրության պաշտպանման և ներքին շուկայում գնային կտրուկ տատանումների կանխարգելման անհրաժեշտությամբ։
Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
Կառավարության կողմից իրականացվող քաղաքականությունը երկարաժամկետ կերպով միտված է եղել ներքին շուկայի հավասարակշռված զարգացմանը՝ միաժամանակ խթանելով տեղական արտադրությունը և պահպանելով ներմուծման հնարավորությունը՝ չառաջացնելով գների կտրուկ աճ։ Այդ նպատակով սահմանվել է երրորդ երկրներից ներմուծվող պողպատե ամրանների նկատմամբ պետական տուրքի կիրառման մեխանիզմ, որի չափը հետագայում բարձրացվել է մինչև 45,000 դրամ/տոննա՝ ապահովելով համեմատաբար հավասար մրցակցային պայմաններ տեղական արտադրողների համար։
Հայաստանի Հանրապետություն պողպատե ամրաններ ներմուծվում են հիմնականում Ռուսաստանի Դաշնությունից և Իրանի Իսլամական Հանրապետությունից։ Ռուսաստանի Դաշնությունից ներմուծվող արտադրանքը հիմնականում գտնվում է այնպիսի գնային մակարդակում, որը թույլ է տալիս տեղական արտադրողներին պահպանել մրցունակությունը։
Մինչդեռ Իրանի Իսլամական Հանրապետությունից ներմուծվող ամրանները, պայմանավորված էներգակիրների սուբսիդավորման և արտադրական ինքնարժեքի առանձնահատկություններով, երկար ժամանակ գտնվել են ցածր գնային սեգմենտում՝ որոշ դեպքերում դարձնելով տեղական արտադրությունը անմրցունակ։
Վերջին շրջանում տարածաշրջանային աշխարհաքաղաքական զարգացումների, մասնավորապես՝ ԱՄՆ-Իրան հակամարտության սրման հետևանքով ստեղծված տնտեսական պայմանների արդյունքում Իրանի ազգային արժույթը ենթարկվել է արագ արժեզրկման, ինչի հետևանքով ավելացել է արտահանման ակտիվությունը և պողպատե ամրանների ներհոսքը դեպի արտաքին շուկաներ։
Միաժամանակ, այլ տարածաշրջանային շուկաներում ձևավորվել են սահմանափակումներ (որոշ երկրներ փակել կամ սահմանափակել են ներմուծումը Իրանից, կամ սահմանել են բարձր մաքսային տուրքեր) ինչը հանգեցրել է արտահանման հոսքերի վերաուղղման հնարավորությանը դեպի Հայաստանի շուկա։
Այս պայմաններում Հայաստանի Հանրապետության ներմուծման գործող տուրքի մակարդակը (45,000 դրամ/տոննա) այլևս չի ապահովում բավարար պաշտպանություն տեղական արտադրողների համար, և առաջացել է ռիսկ՝ կապված մեծածավալ ցածրարժեք ներմուծումների ներհոսքի հետ։
Վիճակագրական տվյալները փաստում են․
2025–2026 թվականներին ներմուծվել է շուրջ 180 հազար տոննա պողպատե ամրան,
միջին ինվոյսային արժեքը նվազել է՝ կազմելով մոտ 154 հազար դրամ,
տեղական արտադրության ինքնարժեքը կազմում է 170–180 հազար դրամ,
տեղական արտադրողների շահութաբերությունը վերջին տարիներին նվազել է՝ որոշ դեպքերում հասնելով 8%-ի, իսկ որոշ ձեռնարկությունների մոտ՝ բացասական մակարդակի,
շինարարության ոլորտում գնի զգայունությունը բարձր է՝ 10,000 դրամի փոփոխությունը 1 քմ հաշվով առաջացնում է 500–600 դրամի աճ։
Այս իրավիճակը կարող է հանգեցնել այնպիսի զարգացումների, երբ կարճ ժամանակահատվածում ներմուծման կտրուկ աճը կվտանգի տեղական գործող երեք մետաղաձուլական ձեռնարկությունների կայուն գործունեությունը։
Հաշվի առնելով վերը նշվածը` սույն նախագծով առաջարկվում է սահմանել պողպատե ամրանների՝ երրորդ երկրներից Հայաստանի Հանրապետություն ներմուծման ժամանակավոր արգելք՝ 6-ամսյա ժամկետով։
Արգելքի ձևաչափը ընտրվել է որպես առավել ճկուն գործիք, որը հնարավորություն է տալիս շուկայի կարգավորման դեպքում արագ վերանայել կամ սահմանված ժամկետից շուտ դադարեցնել սահմանափակումը։
Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը
Կառավարության քաղաքականությունը միտված է ներքին արտադրական կարողությունների զարգացմանը, տեղական արդյունաբերության մրցունակության բարձրացմանը և բարձր ավելացված արժեքով արտադրանքի ստեղծմանը։
Միաժամանակ կարևորվում է ներմուծման և տեղական արտադրության միջև հավասարակշռված մրցակցային դաշտի պահպանումը՝ կանխելով դեմփինգային գնային քաղաքականության ազդեցությունը ներքին շուկայի վրա։
Կարգավորման նպատակը և բնույթը
Նախագծի նպատակն է՝
կանխել պողպատե ամրանների դեմփինգային ներմուծումների ազդեցությունը ներքին շուկայում,
ապահովել տեղական արտադրության կայուն գործունեությունը,
պահպանել գնային հավասարակշռությունը շինարարության ոլորտում,
կիրառել ժամանակավոր և ճկուն կարգավորող մեխանիզմ՝ շուկայի փոփոխություններին արագ արձագանքելու նպատակով։
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից՝ հաշվի առնելով ոլորտի տնտեսավարողների ներկայացրած առաջարկությունները և շահագրգիռ պետական մարմինների դիրքորոշումները։
Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունումը կնպաստի՝
տեղական արտադրության պաշտպանությանը և կայուն զարգացմանը,
շուկայի գնային կայունության պահպանմանը,
ներմուծման հոսքերի վերահսկելիությանը,
արդյունաբերական ձեռնարկությունների ֆինանսական կայունության ապահովմանը։
Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
«Հայաստանի Հանրապետություն պողպատե ամրանների՝ երրորդ երկրներից ներմուծման ժամանակավոր արգելք կիրառելու մասին» Կառավարության որոշման նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին 18.11.2021թ. N 1902-Լ որոշմամբ հաստատված պահանջներից և Հավելված 1-ի «ՀՀ էկոնոմիկայի նախարարություն» բաժնի 5.5-րդ կետով սահմանված դրույթներից, այն է՝
ներքին շուկայի պաշտպանության քաղաքականության մշակում,
հայրենական արտադրողների համար առավել նպաստավոր պայմանների ապահովում։
Այլ տեղեկություններ
«Հայաստանի Հանրապետություն պողպատե ամրանների՝ երրորդ երկրներից ներմուծման ժամանակավոր արգելք կիրառելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերում փոփոխություն կատարելու անհրաժեշտություն չի առաջանում։
«Հայաստանի Հանրապետություն պողպատե ամրանների՝ երրորդ երկրներից ներմուծման ժամանակավոր արգելք կիրառելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունման դեպքում պետական բյուջեում ծախսերի էական ավելացում կամ եկամուտների նվազեցում չի նախատեսվում։