Արման Ծառուկյանը մեծ գումար կստանա օկտագոն դուրս գալու ընթացքի համար

UFC-ի թեթև քաշային կարգի առաջատար մարտիկ Արման Ծառուկյանն օկտագոն դուրս գալու իր հաջորդ մուտքը կապիտալիզացնելու բավականին անսովոր և շահավետ տարբերակ է գտել: Այն մի քանի րոպեների ընթացքում, երբ հայ մարտիկը կքայլի դեպի վանդակ, նա իր բանկային հաշիվը կհամալրի 200 հազար դոլարով: Այս մասին տեղեկացնում է armsport.am-ը:

Այս յուրօրինակ քայլի հովանավորը կլինի ամերիկացի հայտնի սթրիմեր N3on-ը: Գործարքի պայմանների համաձայն՝ Ծառուկյանը որպես մուտքի երաժշտություն պետք է օգտագործի կոնտենտ-մեյքերի կողմից ձայնագրված թրեքը: Պայմանավորվածությունը ձեռք է բերվել անմիջապես համատեղ ուղիղ հեռարձակման ժամանակ:

Սկզբում Ծառուկյանը կատակով 1 միլիոն դոլար է պահանջել այս ծառայության համար, սակայն սթրիմերը հրաժարվել է: Բանակցությունների ընթացքում N3on-ն առաջարկել է 100 հազար, ինչին Ծառուկյանը պատասխանել է 200 հազարի փոխադարձ պահանջով: Երբ ամերիկացին համաձայնել է, Արմանը փորձել է էլ ավելի բարձրացնել գումարի չափը.

«Երեք հարյուր հազա՛ր»,- բացականչել է Ծառուկյանը:

«Ո՛չ, դու արդեն ասացիր երկու հարյուր: Դու պետք է խոսքդ պահես»,- արձագանքել է N3on-ը:

Արդյունքում մարտիկը ստիպված է եղել համաձայնել նախնական գումարին՝ հաստատելով, որ գործարքը վերաբերում է բացառապես UFC-ում իր հաջորդ մենամարտին:

Հիշեցնենք, որ իր վերջին մենամարտը Ծառուկյանն անցկացրել է 2025 թվականի նոյեմբերին՝ UFC Fight Night 265 մրցաշարում, որտեղ երկրորդ ռաունդում խեղդող հնարքով ժամանակից շուտ հաղթել է Դեն Հուքերին: Նրա ակտիվում կա 23 հաղթանակ և 3 պարտություն:

Leave a Comment