Հայաստանում աշնանից քաղաքացիներին հասանելի կլինեն նոր տիպի կենսաչափական անձնագրերը

Նոր սերնդի կենսաչափական անձնագրերի տպագրությունն արդեն մեկնարկել է Նիդերլանդներում, և Հայաստանի քաղաքացիները դրանք կկարողանան ստանալ արդեն այս տարվա աշնանից։ Այս մասին հայտնել է ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը՝ ներկայացնելով համակարգի ներդրման ընթացքն ու դրա կարևորությունը քաղաքացիների համար։

Նախարարի խոսքով՝ Հայաստանի պատվիրակությունը Նիդերլանդներում այցելել է ֆրանսիական գործընկեր ընկերության արտադրամասերից մեկը, որտեղ իրականացվելու է հայկական կենսաչափական անձնագրերի տպագրությունը։ Նրա գնահատմամբ՝ արտադրական գործընթացը համապատասխանում է ժամանակակից բարձր չափանիշներին, ինչը վստահություն է ներշնչում, որ քաղաքացիներին տրամադրվելիք փաստաթղթերը կլինեն բարձր տեխնոլոգիական և անվտանգ։

Արփինե Սարգսյանը նշել է, որ այցի ընթացքում քննարկվել են ոչ միայն փաստաթղթերի դիզայնին, այլև անվտանգությանն առնչվող բազմաթիվ մանրամասներ՝ գունային լուծումներից մինչև հատուկ պաշտպանական մեխանիզմներ։ Նա առանձնացրել է հատուկ տեխնոլոգիական լուծումը, որի համաձայն՝ անձնագրերի թղթի բաղադրության մեջ ներառվելու են Հայաստանի եռագույնը ներկայացնող մանրաթելեր։ Նախարարի խոսքով՝ սա ոչ միայն դիզայներական, այլև կարևոր անվտանգային բաղադրիչ է։

Ներքին գործերի նախարարը նաև անդրադարձել է քաղաքացիների մտահոգություններին՝ կապված կենսաչափական տվյալների պահպանման և օգտագործման հետ։ Նրա հավաստմամբ՝ բոլոր տվյալները պահպանվելու են բացառապես Հայաստանի Հանրապետության վերահսկողության ներքո։ Այդ նպատակով Միգրացիայի և քաղաքացիության ծառայության շրջանակում ձևավորվելու է հատուկ ստորաբաժանում, որը պատասխանատու կլինի տվյալների մշակման և պահպանման համար։

«Մասնավոր գործընկերը տվյալներից օգտվելու է միայն գործարքի շրջանակում՝ քաղաքացու դիմումի հիման վրա, սակայն ամբողջ գործընթացը լինելու է պետության վերահսկողության ներքո»,- ընդգծել է Սարգսյանը։

Նախարարն արձագանքել է նաև այն մտահոգություններին, թե կենսաչափական համակարգը կարող է վերածվել վերահսկողության գործիքի։ Նրա խոսքով՝ հավաքագրվող տվյալները՝ դեմքի լուսանկարը և մատնահետքերը, օգտագործվելու են բացառապես անձի ինքնությունը հաստատելու նպատակով։ Որպես օրինակ նա նշել է ընտրական գործընթացներում կրկնաքվեարկության բացառման հնարավորությունը՝ մատնահետքերի նույնականացման միջոցով։

Արփինե Սարգսյանի խոսքով՝ կենսաչափական տվյալների պաշտպանությունը լինելու է միջազգային բարձր չափանիշներին համապատասխան։ Նա հիշեցրել է, որ Հայաստանը տվյալների պաշտպանության ոլորտում ունի պարտավորություններ, մասնավորապես՝ Եվրոպայի խորհրդի «108+» կոնվենցիայի շրջանակում, և պատրաստվում է սահմանել առավել բարձր չափանիշներ։

Նախարարը պարզաբանել է, որ նոր կենսաչափական անձնագիր ստանալու համար քաղաքացիները պարտադիր պետք է տրամադրեն իրենց կենսաչափական տվյալները։ Միաժամանակ գործող «կապույտ» անձնագրերը կշարունակեն գործել մինչև դրանց վավերականության ժամկետի ավարտը։ Սակայն նոր անձնագիր ստանալուց հետո հին փաստաթուղթը կճանաչվի անվավեր։

Անդրադառնալով նոր համակարգի առավելություններին՝ Սարգսյանը նշել է, որ այն առաջին հերթին ապահովում է անձի ինքնության առավել բարձր պաշտպանվածություն՝ գրեթե բացառելով փաստաթղթերի կեղծման ռիսկերը։ Բացի այդ, նոր անձնագրերը հնարավորություն կտան օգտվել սահմանահատման ժամանակակից «E-Gates» համակարգերից, որոնք թույլ են տալիս անցնել սահմանային հսկողությունը առանց սահմանապահի անմիջական մասնակցության։

Նրա խոսքով՝ աշխատանքներ են տարվում, որպեսզի նման ենթակառուցվածքներ գործարկվեն ոչ միայն արտերկրում, այլ նաև Հայաստանում։ Նախատեսվում է, որ կենսաչափական համակարգի ներդրմանը զուգահեռ «Զվարթնոց» օդանավակայանում արդեն հասանելի կլինեն ինքնասպասարկվող անցման համակարգեր, իսկ հետագայում դրանք կգործարկվեն նաև ցամաքային սահմանային անցակետերում։

Նախարարը կարևորել է նաև կենսաչափական համակարգի ներդրումը Եվրամիության հետ վիզաների ազատականացման գործընթացի համատեքստում։ Նրա խոսքով՝ եվրոպացի գործընկերներն արձանագրել են, որ Հայաստանը մի շարք ուղղություններով նույնիսկ առաջանցիկ տեմպերով է շարժվում։

«Գործընկերները ֆիքսել են, որ այս փուլում մենք ոչ միայն օրենսդրական փոփոխություններ ենք իրականացրել, այլ արդեն գրեթե ավարտին ենք հասցնում ամբողջական ենթակառուցվածքը, ինչը կարևոր քայլ է վիզաների ազատականացման ճանապարհին»,- նշել է Սարգսյանը։

Leave a Comment