Թաքնված վտանգ սննդի տուփերում. ինչպե՞ս են կոնսերվանտները քայքայում մեր սիրտն ու անոթները

Տարիներ շարունակ սննդամթերքի վնասակարությունը չափվել է դրանում առկա շաքարի, աղի կամ ճարպերի քանակով։ Սակայն ֆրանսիացի գիտնականները ծավալուն հետազոտությամբ նոր եզրահանգումներ են անում․ սուպերմարկետներից գնված սննդի մեջ առկա ամենատարածված պահածոյացնող նյութերը՝ կոնսերվանտները, ուղիղ հարված են հասցնում մարդու սիրտ-անոթային համակարգին։

Ի՞նչ են պարզել գիտնականները

Գեղեցիկ փաթեթավորում, գրավիչ տեսք և ամիսներով չփչացող սնունդ։ Երկար ժամանակ ընդունված էր կարծել, թե առողջ սննդակարգի գլխավոր թշնամիները շաքարը, աղն ու ավելորդ ճարպերն են։ Շատերը հաշվում են կալորիաները՝ կարծելով, թե այդպես պաշտպանում են իրենց սիրտն ու անոթները։ Սակայն ֆրանսիական «NutriNet-Sante» հետազոտության արդյունքները ամբողջությամբ փոխում են առողջ սննդակարգի մասին պատկերացումները։ Իրական վտանգն, ըստ գիտնականների, թաքնված է ոչ թե կալորիականության, այլ այն նյութերի մեջ, որոնք կոչված են «փրկելու» սնունդը բորբոսից ու բակտերիաներից։

Գիտական հետազոտությունը սկսվել է 2009 թվականից, ուսումնասիրվել է ավելի քան 112 հազար մարդու առողջությունն ու սննդակարգը։
Հեղինակավոր European Heart Journal-ում հրապարակված արդյունքները մտահոգիչ են։ Ըստ դրանց՝ սննդային հավելումները զգալիորեն մեծացնում են արյան բարձր ճնշման՝ հիպերտոնիայի, սրտի կաթվածի՝ ինֆարկտի և գլխուղեղի կաթվածի՝ ինսուլտի վտանգը։

Ուսումնասիրության ընթացքում ստուգվել է 58 պահածոյացնող նյութերի ազդեցությունը։ Պարզվել է, որ դրանց կանոնավոր օգտագործումը գրեթե մեկ երրորդով՝ 29%-ով, մեծացնում է արյան բարձր ճնշում ունենալու հավանականությունը, 16%-ով բարձրացնում սրտի կաթվածի ու ինսուլտի վտանգը։

Գայթակղիչ թակարդ. արդյո՞ք «բնական» կոնսերվանտներն անվտանգ են

Ամենաուշագրավ բացահայտումը վերաբերում է այսպես կոչված «բնական» հակաօքսիդանտներին, օրինակ՝ կիտրոնաթթվին և ասկորբինաթթվին՝ վիտամին C-ին։ Մասնագետները նկատում են, որ թարմ մրգերում պարունակվող այդ բնական նյութերն անվնաս են և օգտակար, իսկ սննդի արդյունաբերության մեջ որպես պահածոյացնող միջոց կիրառվելիս դրանք ստանում են բոլորովին այլ, վնասակար հատկություններ։ «Մրգերի մեջ բնականորեն առկա վիտամին C-ն և արդյունաբերական եղանակով սննդին ավելացված քիմիական ասկորբինաթթուն օրգանիզմի վրա լրիվ տարբեր ազդեցություններ ունեն»,-շեշտվում է հետազոտությունում։

Ինչի՞ց է պետք զգուշանալ

Գիտնականներն առանձնացնում են քիմիական մի քանի հայտնի միացություններ, որոնցից պետք է զգուշանալ։ Խոսքը, օրինակ, կալիումի սորբատի մասին է, որը լայնորեն կիրառվում է գինու, թխվածքաբլիթների, պանիրների և սոուսների արտադրության մեջ։ Միջազգային կոդը E 202 է։ Կալիումի մետաբիսուլֆիտը, կոդը՝ E 244, օգտագործվում է գարեջրի, գինու, հյութերի և այլ ըմպելիքների արտադրության մեջ։ Նատրիումի նիտրիտը՝ կոդը՝ E 250, քիմիական աղ է, որով հագեցած է վերամշակված մսամթերքը՝ բեկոն, երշիկեղեն, նրբերշիկներ։

Ի դեպ, Տուվիեի թիմի նախորդ հետազոտությունը ցույց է տվել, որ այս նույն նյութերը մինչև 32%-ով մեծացնում են քաղցկեղի հատկապես կրծքագեղձի և շագանակագեղձի և 49%-ով՝ 2-րդ տիպի շաքարային դիաբետի զարգացման վտանգը։

Խնդիրն ավելի խորն է, քան թվում է

Փորձագետները փաստում են, որ ուլտրա-վերամշակված սննդի ավելի շատ օգտագործումը (չիպսեր, գազավորված ըմպելիքներ, պատրաստի քաղցրավենիք) ուղիղ կապ ունի սիրտ-անոթային հիվանդություններից մահացության 50% աճի հետ։ Սակայն պարզվում է՝ վնասակար կոնսերվանտներն ամենուր են. դրանք մեր սովորական, ամենօրյա սննդի հիմնական բաղադրիչն են, և հնարավոր չէ սննդակարգից մեկ կամ երկու մթերք հեռացնելով լուծել խնդիրը։

Ի՞նչ անել. գիտնականների խորհուրդը

Թեև պահածոյացնող նյութերն անհրաժեշտ են սննդամթերքի պահպանման ժամկետը երկարացնելու և մանրէների աճը նվազեցնելու համար, բայց մեր առողջությունը պատասխանատու և գիտակցված մոտեցում է ենթադրում։

«Փրկության բանաձևը», ըստ գիտնականների, պարզ է՝ նախապատվությունը տալ թարմ, բնական և չվերամշակված մթերքներին, կիսաֆաբրիկատների փոխարեն ընտրել սառեցված մթերքը։ Ցածր ջերմաստիճանը բնական կոնսերվանտ է. այն հիանալի պահպանում է սնունդը՝ առանց առողջության համար վտանգավոր քիմիական հավելումների։ Գիտնականները նաև հիշեցնում են՝ առողջությունն ու երկարակեցությունը սկսվում են խանութում՝ սննդամթերքի պիտակները ուշադիր կարդալուց և բաղադրությանը ծանոթանալուց։

Leave a Comment