Ահա թե ինչու Հայաստանում հունիսի 7-ի քվեարկությունը Մոսկվայի համար սակրալ նշանակություն ունի




1in.am  Ռուսաստանում վերջին մեկուկես հարյուրամյակի պատմական ամեն մի տևական շրջան ավարտվում է ընկճախտով և կենտրոնական իշխանության կաթվածով, ինչպես նաև երկրի փլուզմամբ։ Այդ երեւույթները հաճախ ուղեկցվում են ռազմական պարտությամբ կամ հաղթանակի բացակայությամբ։ Ռուսական կայսրությունը այդպես է կորցրել Ֆինլանդիան և Լեհաստանը։ Ավելի ուշ խորհրդային Ռուսաստանը կենտրոնական իշխանության կաթվածահարության հետևանքով կորցրել է իր տարածքի միանգամից տասնչորս մասի նկատմամբ վերահսկողությունը՝ ներառյալ Ուկրաինան, Վրաստանը, Մոլդավիան և Մերձբալթիկան։


 


Մեջբերումը ռուսաստանյան «Նեզավիսիմայա գազետա»-ի «Արդի Ռուսաստանի համար պատմական երկու սցենար» խորագրով խմբագրականից է, որտեղ հանդիպում ենք այսպիսի ընդհանրացման, որպեսզի «խուսափի տարածքային փլուզումից, Ռուսաստանը պետք է խուսափի ՆԱՏՕ-ի երկրների առայժմ ուկրաինական բանակի և հատուկ ծառայությունների ձեռքերով իր դեմ պատերազմում պարտությունից և անգամ վիճելի ոչ-ոքիից»։


 


Եթե ամփոփ ասվի, ապա այս հրապարակումը այն մասին է, որ ԽՍՀՄ-ը՝ որպես տասնհինգ հանրապետությունների կամավոր միություն, գոյություն չի ունեցել, Ռուսաստանում ցարական միապետությունը փոոխակերպվել է բոլշևիկյան կայսրության, բայց առանց Ֆինլանդիայի և Լեհաստանի, իսկ 1991թ․-ին «կենտրոնական իշխանության կաթվածահարության պատճառով կորցրել իր տասնչորս մասերի նկատմամբ վերահսկողությունը»։


 


Ինտրիգն այն է, թե Ռուսաստանում ի՞նչ են հասկանում «տարածքային փլուզումից խուսափում» ասելիս։ Խոսքը նախկին խորհրդային, սոցիալիստական-դաշնայի՞ն, թե՞ բոլշևիկյան կայսրություն Ռուսաստանի մասին է։ ՆԱՏՕ-ի երկրների կողմից «առայժմ ուկրաինական բանակի և հատուկ ծառայությունների ձեռքերով Ռուսաստանի դեմ պատերազմում պարտությունից և անգամ վիճելի ոչ-ոքիից խուսափելու անհրաժեշտության» սահմանումը թույլ է տալիս եզրակացնել, որ «տարածքային փլուզում» է գնահատվում Ռուսաստանից «նրա տասնչորս մասի անջատումը»։


 


Ռուսաստանը Խորհրդային Միության փլուզումը իրավաբանորեն չի ճանաչել 1996թ․ մարտի 15-ին պետական դուման որոշել է, որ ԱՊՀ կազմավորման մասին 1991թ․ դեկտեմբերի 8-ի համաձայնագիրը «իրավական ուժ չի ունեցել և չունի»։ Այսինքն, Ռուսաստանի իրավական համակարգում Խորհրդային Միությունը դեռևս գոյություն ունի։


 


Ռուսաստանի պետական և քաղաքական ու հանրային գործիչներին, փորձագետներին ու վերլուծաբաններին, լրագրողներին և հրապարակախոսներին մեղադրելու և անգամ քննադատելու հարկ չկա, նրանք առաջնորդվում են իրենց երկրի շահերով, ձգտում վերականգնել նախկին կայսրության «տարածքային ամբողջականությունը»։


 


Այստեղ խիստ ուշագրավ է, որ բոլշևիկա-խորհրդային Ռուսաստանից անջատված «տարածքները» թվարկելիս «Նեզավիսիմայա գազետա»-ն առաձնացրել է Ուկրաինան, Վրաստանը, Հայաստանը, Մոլդովան և Մերձբալթիկան, իսկ Ադրբեջանը և Կենտրոնական Ասիայի հինգ երկրները «մոռացել»։


 


Տպավորություն է, թե կայրության փլուզման «պատասխանատու» և Ռուսաստանի «թշնամի են նշանակված» քրիստոնեադավան, Եվրոպայի հետ քաղաքակրթական ընդհանրություն ունեցող երկրները։ Ենթատեքստով հասկացվում է, որ «եթե նրանք վերանվաճվեն, ապա Ռուսական կայսրությունը կվերականգնվի, բայց մինչ այդ պետք է խուսափել Ուկրաինայում պարտությունից և անգամ վիճելի ոչ -ոքիից»։ Ահա թե ինչու Հայաստանում հունիսի 7-ի քվեարկությունը Մոսկվայի համար սակրալ նշանակություն ունի։


 


Լուսանկարը՝ Armeniasputnik-ի


 


Leave a Comment