«Մայր Հայաստան» կուսակցության նախագահ, «Բարգավաճ Հայաստան» նախընտրական ցուցակի 2-րդ համար Անդրանիկ Թևանյանին կզրկեն ազատությունից, հայտնել են «Մայր Հայաստան» կուսակցությունից։ Կուսակցությունից հավելել են, որ Թևանյանը փաստաբանների հետ գնում է Քննչական կոմիտե։
Armenia Today-ին դատախազությունից հայտնել են, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը բավարարել է դատախազության երկու միջնորդությունները՝ Թևանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու վերաբերյալ։
Այսօր ավելի վաղ իրավապահ համակարգի աշխատակիցները քննչական գործողություններ էին իրականացրել Թևանյանի բնակարանում և գրասենյակում։
Թևանյանի նկատմամբ գործողություններն սկսվել էին վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ նրա դեմ պետական դավաճանության հոդվածով քրեական գործ հարուցելու մասին հայտարարությունից մեկ օր անց։
Քննչական կոմիտեն մայիսի 21-ին հայտնել էր Թևանյանի նկատմամբ պետական դավաճանության և լրտեսության փաստով քրվարույթ նախաձեռնելու մասին՝ պատգամավոր լինելու ժամանակ խորհրդարանի՝ 2024-ի փակ նիստի տվյալների հնարավոր հրապարակման պատճառով։
Թևանյանն անհեթեթ էր անվանել իրեն առաջադրված մեղադրանքները՝ նշելով, որ 2023-ի մանդատը վայր էր դրել, և 2024-ին ֆիզիկապես չէր կարող ԱԺ-ում լինել։
